Մատչելիության հղումներ

Այսօր կայացած Եվրասիական տնտեսական միության վարչապետների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման շուրջ և գլխավորապես քննարկվել է Միության ու Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման հարցը, լրագրողներին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը:

Ժամանակին Սարգսյանի քաղաքական հակառակորդ հանդիսացող Գագիկ Ծառուկյանին պատկանող ու Առինջ գյուղից ոչ հեռու գտնվող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում կայացած հանդիպմանը մասնակցում էին ԵՏՄ անդամ բոլոր երկրների վարչապետները: Այսօրվա հանդիպումը պետք է կայանար դեռ ապրիլի 8-ին, սակայն քառօրյա պատերազմի օրերին Հայաստանի դաշնակիցները որոշեցին չեղարկել այն, ինչպես գրեց ռուսական մամուլը՝ Ադրբեջանին չնեղացնելու համար:

Ե՛վ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ողջույնի խոսքում, և՛ մյուս վարչապետները խոսեցին ԵՏՄ ձեռքբերումներից, ակնկալիքներից, սակայն միաժամանակ, օրինակ, Ղրղըզստանի վարչապետ Սորոնբայ Ժեենբեկովը հրապարակավ քննադատեց միությունը՝ կոչ անելով անդամ-երկրներին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք արգելապատնեշներ են ստեղծում իր երկրի համար․ - «Եվրասիական ինտեգրացիոն միավորման շրջանակում մեր երկիրը բախվել է մեծ թվով տարաբնույթ արգելապատնեշների: Ղրղըզական Հանրապետությունը հույս ունի բաց երկխոսություն վարել միության իր գործընկերների հետ և պատրաստ է ԵՏՄ շրջանակում փնտրել մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման նոր ուղիներ: Հարկ է, որ ԵՏՄ անդամ-երկրները զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգի տակ դնել միության հիմնական նպատակները և սկզբունքները»:

ԵՏՄ աշխատանքից դժգոհեց նաև Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը՝ հայտարարելով, թե անդամ-երկրները դոփում են տեղում․ - «ԵՏՄ Մաքսային օրենսգրքի շուրջ բանակցությունների շարունակական հետաձգումը հանգեցնում է արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների վերանայմանը, արդյունքում՝ դոփում ենք տեղում, եթե հետ չենք գլորվում: Անհրաժեշտ է սահմանել ժամանակային հստակ կողմնորոշիչներ, վերջնաժամկետ»:

Մինչև հանդիպումը ընդունելով ԵՏՄ երկրների վարչապետներին՝ խոչընդոտներից է խոսել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ամենակարևոր հարցը խոչընդոտների վերացումն է՝ տեխնիկական խոչընդոտների, որոնք խանգարում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին, դրանով իսկ՝ նվազեցնում ինտեգրացիոն գործընթացներից տնտեսական արդյունավետությունը»,- Հայաստանի նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահն այսօր առանձին հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: ԵՏՄ-ից, իհարկե, խոսել են, բայց անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրին:

«Իրոք, իմ նախորդ այցը կայացավ շատ դժվար իրադրությունում: Միանգամից ուզում եմ ասել, որ Ռուսաստանում մենք, այնուամենայնիվ, շատ լարված հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, ուժերի ներածին չափով աշխատում էինք կարգավորել ստեղծված իրավիճակը», - ասել է Ռուսաստանի վարչապետը:

Մեդվեդևը հավելել է․ - «Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Իսկ մենք Ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը»:

XS
SM
MD
LG