Մատչելիության հղումներ

logo-print

Ճարտարապետ Արսեն Կարապետյանն ահազանգում է Երևանի հանրային զբոսայգիներից մեկում հերթական վիճահարույց ատրակցիոնի տեղադրման մասին:

Ճարտարապետն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Օղակաձև այգում որոշ խոտածածկ հատվածներ անցել տախտակների տակ: Ո՞ւմ մտքով է անցել տախտակապատել ծառերի շրջակա տարածքը, հարց էր բարձրացրել Կարապետյանը:

«Դա շատ կարևոր հանգույց է քաղաքում, պատմամշակութային՝ կողքի շենքերի հեղինակների անունները նայեք։ Ջիմ Թորոսյանի արվեստանոցն էր այդ շենքում: Այդ վայրը վերածվել է ինչ-որ անհասկանալի մի բանի», - ասաց ճարտարապետը:

Այգին շուրջ 20 տարի վարձակալած «Նուշիկյան ասոցիացիա»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանն «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց՝ այնտեղ երբեք կանաչ տարածություն չի եղել, հավելեց՝ ավտոդրոմ է կառուցվում:

«Այդ ավտոդրոմը պետք է լիներ բետոնյա, կամ պետք է լիներ ասֆալտից, կամ էլ պետք է լիներ փայտից: Դա նախևառաջ ժամանակավոր է: Հետո՝ փայտը դա բնությանը ներդաշնակ նյութ է», - ասաց Նուշիկյանը:

Արսեն Կարապետյանը պատմեց, որ օրեր առաջ այգում հանդիպել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին, Գարեգին Նուշիկյանին և քաղաքապետարանի այլ պաշտոնյաների ու հարցրել՝ պատրաստվո՞ւմ են արդյոք տախտակներից ազատել այդ տարածքը, որովհետև այգում խոտ ու ծառ է պետք: Ճարտարապետի պնդմամբ՝ Նուշիկյանը պատասխանել է՝ իսկ ով է ասում, որ խոտը լավ է ու ճիշտ: Ինքը՝ Նուշիկյանը, մեզ հետ զրույցում հերքեց ճարտարապետի խոսքերը․ - «Մոտեցավ և ասաց՝ վերացնելու եք, չէ՞, սա այստեղ: Ես էլ հարցրեցի՝ ինչո՞ւ եք ուզում, որ վերացնենք: Ասաց՝ որ նախկինի պես այստեղ կանաչ լինի: Ասացի՝ 20 տարի ես հիշում եմ՝ ստեղ կանաչ չի եղել»:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ կարծում էր՝ ամենապարզ միտքը, որ պուրակում պետք է ծառ ու խոտ լինի, պաշտոնյաներին հասկանալի կլիներ, բայց, ընդգծեց՝ կառուցողական զրույց չստացվեց:

Քաղաքապետարանից «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են՝ թույլտվությունը տվել են իրենք, որպեսզի տեղում կանաչապատման ու արդիականացման աշխատանքներ իրականացվեն: Պաշտոնական գրավոր պատասխանում նաև նշված է, որ այդ տարածքը նախկինում նույնպես ժամանցի կազմակերպման նպատակով է օգտագործվել, ու որպեսզի մանկական ավտոդրոմի համար տարածքը չբետոնապատվի, որոշել են ծառերը թողնել տեղում ու տախտակապատել անհրաժեշտ հատվածը:

Ճարտարապետի կարծիքով, սակայն, քաղաքապետարանն ապականում է քաղաքային այգիները․ - «Օղակաձև այգին, Կամերային երաժշտության [տան] դիմացի այգին, բոլորը արդեն պիտանի չեն զբոսնելու համար: Եթե երկու- երեք հատ նորմալ այգի կան՝ Կասկադը, Սիրահարների այգին կամ Թումոն, բոլորը մասնավոր են: Այսինքն, որտեղ քաղաքապետարանը մտնում է, հակառակ էֆեկտն ենք ստանում»:

Մինչ Գարեգին Նուշիկյանը պնդում է, որ իրենք Օղակաձև այգու կանաչապատման ու հանգստի գոտիների հարցն էլ են լուծել, այգում մեզ հանդիպած երևանցիներն ասում են՝ երբեմնի կանաչապատ այգին այսօր ատրակցիոնների ու սրճարանների տարածք է դարձել:

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանն էլ պնդեց՝ քաղաքապետարանը մոռացել է իր իսկ ընդունած՝ քաղաքի կանաչ տարածքների պահպանման ու օգտագործման կանոնների որոշման մասին: Պնդեց՝ շինարարությունն ապօրինի է․ - «Ըստ այս որոշման՝ կանաչ տարածքների պահպանման հիմնական սկզբունքները չորս կետով նշվում են․ բոլոր այդ սկզբունքները ոտնահարվում են: Դա ապօրինի է: Եթե հանկարծ իրենք կբերեն, կներկայացնեն էդ իրավական ակտը, որով թույլատրել են, ուրեմն, ակնհայտորեն, կարելի է դատի տալ»:

Խնդրի մասին բարձրաձայնած ճարտարապետ Արսեն Կարապետյանն ասում է՝ իր պես շատերին գիտի, որ դեմ չեն ատրակցիոններին, միայն թե դրանք, նրա կարծիքով, պետք է քաղաքի արվարձաններ տեղափոխվեն:

XS
SM
MD
LG