Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 6 տոկոսով


Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-ապրիլին 6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա ապրիլին մարտի համեմատ ցուցանիշն աճել է 4 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության ոլորտներում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.4 տոկոսով:

Շինարարության ծավալը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 7.4 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում առկա է 3.5 տոկոսանոց աճ: 2015թ. հունվար-ապրիլի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 9.3 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4.1 տոկոսով:

Առևտրի շրջանառությունը 2016-ի հունվար-ապրիլին նվազել է 0.8 տոկոսով` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 600 միլիարդ 178,5 միլիոն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոսով` կազմելով 420 միլիարդ 988 միլիոն դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.2 տոկոսով (182 հազար 791 դրամ). ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 0.1 տոկոսով` կազմելով 157 հազար 190 դրամ: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2015թ. հունվար-ապրիլի համեմատ աճել են 19.4 տոկոսով (1 միլիարդ 669,3 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն ավելացել է 21.7 տոկոսով (512.6 մլն դոլար), իսկ ներմուծումն աճել է 18.4 տոկոսով (1 միլիարդ 156,7 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-ապրիլին եղել է 486.82:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG