Մատչելիության հղումներ

Կուտակային ֆոնդերի կառավարիչները վերանայում են բիզնես ծրագրերը


Հայաստանում Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերությունները՝ Amundi ACBA և C-Quadrat Ampega
Հայաստանում Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերությունները՝ Amundi ACBA և C-Quadrat Ampega

Թեև միջազգային այս ընկերությունները հույս են հայտնում, որ կուտակային համակարգը դեռ կկայանա, պատգամավոր Էդմոն Մարուքյանը համոզված է՝ 2017 թ․ ընտրություններից հետո կառավարիչները կլքեն Հայաստանը:

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերը կառավարող երկու միջազգային ընկերությունները վերանայում են իրենց բիզնես ծրագրերը մասնավոր սեկտորի հանդեպ կուտակային կենսաթոշակի մասին օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու՝ Հայաստանի կառավարության որոշումից հետո:

Պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը՝ ֆրանսիական «Ամունդի Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերությունը հայտնում է, որ կառավարության այդ որոշումն ազդեցություն կունենա նախկինում նախատեսված ծրագրերի իրականացման ժամանակացույցի վրա: «Գրեթե բոլոր կառուցվածքային բարեփոխումներն ինչ-որ պահի հանդիպում են որոշակի «դիմադրության»: Մենք ադապտացնում ենք մեր բիզնես-մոդելը ի հայտ եկած նոր հանգամանքներին»,- գրավոր պարզաբանման մեջ նշում է «Ամունդի Ակբա ասեթ մենեջմենթ»-ը: Չնայած Գերմանական «Ց Կվադրատ»-ում էլ են վերանայում բիզնես-ծրագրերը, այդուհանդերձ, ինչպես մեզ հայտնեցին այս ընկերությունից, իրենց երկարաժամկետ նպատակները մնում են անփոփոխ:

Կուտակային համակարգին ընդդիմացող պատգամավորները, տնտեսագետները անցած տարիներին պնդում էին, որ հնարավոր չէ 45 տարվա տնտեսական հաշվարկ անել: Ըստ մասնագետների, եթե համակարգի գործարկումից ընդամենը 2 տարի անց մի քանի անգամ խաղի կանոններ են փոխվում, դա արդեն վկայում է ծրագրի ձախողման մասին:

Համակարգին ընդդիմացող ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար այս զարգացումները անակնկալ չեն: Ըստ նրա, առկա տնտեսական իրավիճակը թույլ չի տալիս ենթադրել, որ այդ ֆոնդերը կարող են գործել շահույթով, հատկապես հաշվի առնելով կուտակումների փոքր ծավալը:

Պարտադիր կուտակայինի դեմ մեկ տարուց ավելի պայքարող «Դ!եմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանն էլ հիշեցնում է՝ իշխանությունները ժամանակին չցանկացան լսել իրենց մտահոգությունները, իսկ հիմա ստիպված են ընդունել, որ պետությունը ոչ այսօր, ոչ էլ վաղը պատրաստ չի լինելու համակարգի գործարկմանը:

Կառավարիչները, համաձայն իրենց իսկ ներկայացրած հաշվետվությունների, նախորդ տարիներին միլիոնների հասնող վնասով են աշխատել, բայց այսօր հայտարարում են, որ օրենքի փոփոխությունները կարող են որոշակի կարճաժամկետ ազդեցություն ունենալ, սակայն երկարաժամկետ կտրվածքով էականորեն չեն ազդի ընկերությունների ֆինանսական կացության վրա:

Ի դեպ, ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդել էր, որ կառավարիչները ամսական միջինը 4 միլիոն դոլարի եկամուտից են զրկվում: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ թեև ընդունում է, որ կառավարիչները դեռ վնասով են աշխատում, այդուհանդերձ վստահ է, որ իրավիճակը շտկվելու է: «Էդ պրոբլեմն ունեն, իրենք արդեն աշխատակիցների կրճատումներ են անում և այլն, բայց գնալու հետ կապված խնդիրներ չկան, իրենք մնում են, իրենց հետ բացատրական աշխատանքներ ենք իրականացնում», - երեկ ասել է Ջավադյանը:

Պարտադիր կուտակային համակարգին ընդդիմացող պատգամավորները, ակտիվիստներն ու տնտեսագետներն ավելի քան վստահ են, որ այս պայմաններում կառավարիչները Հայաստանից կհեռանան: Էդմոն Մարուքյանի կախատեսումներով՝ դա տեղի կունենա 2017-ի ընտրություններից հետո: «Քանի որ ի սկզբանե նախատեսված պայմանները չեն բավարարվել պետության կողմից, նաև այն, որ տնտեսությունն այս իրավիճակում է, իրենք կհայտարարեն, որ վնասներով են աշխատել, և էս տարիներին հավաքագրված գումարների տոկոսները չեն լինելու: Ինչ-որ պահի դա հայտարարվելու է: Պարզ է, որ նախընտրական շրջանում կլռեն, մի բան կանեն, որ դա ջրի երես դուրս չգա, բայց ընտրություններից հետո, վստահ եմ, որ էս խնդիրը դառնալու է լուրջ խնդիր, կհանգեցնի լուրջ քննարկման, բախումների և դրա արդյունքում կվերանայվի»,- ասում է Մարուքյանը:

«Դ!եմ եմ» շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանի համար առնվազն տարօրինակ է կառավարիչների տևական լռությունն այս հարցում: Ըստ նրա՝ եթե կառավարիչներն անգամ այս իրավիճակում են շարունակում լռել՝ նշանակում է, որ կասկածելի կապեր ունեն իշխանությունների հետ: «Իրապես բիզնեսով զբաղվող հաստատությունները, ինչքան էլ իրենց բիզնես ծրագրերը հարմարեցնեն իրավիճակին, այդքան երկար՝ մի քանի տարի կորուստներ չեն կրի, շատ կասկածելի հարաբերություններ են․․․»:

«Ազատության» հարցմանն ի պատասխան, միջազգային երկու կառավարիչներն էլ Հայաստանից հեռանալու մասին ոչինչ չեն հայտնել, միայն պնդել են, որ կենսաթոշակային բարեփոխումը երկարաժամկետ գործընթաց է, և դրա լիարժեք իրականացումը ժամանակ է պահանջում: Մեջբերում՝ «Ց-Կվադրատ»-ի պատասխանից․ - «Այնուամենայնիվ, մեր կողմից կառավարվող ֆոնդերում կուտակային վճարների առկա կայուն աճի միտումը հիմք է տալիս ակնկալելու ընկերության գործունեության շարունակությունը»: Ֆրանսիական «Ամունդի»-ն էլ «լավատեսությամբ է նայում ապագային՝ համոզված լինելով, որ շահառու բոլոր կողմերի միասնական աշխատանքի արդյունքում հնարավոր է համակարգը Հայաստանում լավագույնս կայացնել»:

Չնայած սրան, պատգամավոր Մարուքյանի համար ակնհայտ է, որ կառավարիչների այս ակնկալիքները չեն իրականանա՝ «Սին հույսեր են, որովհետև զրո վստահություն կա կառավարության և պետական մարմինների հանդեպ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG