Մատչելիության հղումներ

Ավիաաղետի հարցով նախարարների հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե Փարիզից Կահիրե թռիչք իրականացնող А320 օդանավի կործանման ենթադրյալ պատճառներից և ոչ մեկը ոչ բացառվում, ոչ էլ հաստատվում է: Պաշտոնական Կահիրեն, իր հերթին, հայտարարում է, թե չի բացառում ահաբեկչության վարկածը:

Եգիպտական ավիաուղիներին պատկանող A320 օդանավը Ֆրանսիայի մայրաքաղաքից չորեքշաբթի օրը տեղի ժամանակով 23:09-ին ուղևորվել է Կահիրե, որտեղ պետք է վայրէջք կատարեր 03:05-ին: Flightradar24 ծառայության հրապարակած քարտեզում երևում է, որ օդանավը ռադարներից անհետացել է Եգիպտոսի օդային տարածք մտնելուց հետո: Վերջին անգամ համակարգիչները օդանավի հետ կապը արձանագրել են Միջերկրական ծովի վրա՝ մի հատվածում, որը համարվում է Եգիպտոսը Մերձավոր Արևելքին կապող ամենաբանուկ օդային միջանցքներից մեկը:

Օդանավում, ըստ պաշտոնական տվյալների, կար 66 մարդ՝ 56 ուղևոր, այդ թվում՝ 3 մանկահասակ երեխա, և անձնակազմի 10 անդամ: Ուղևորների թվում կան Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի քաղաքացիներ: Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:

Օդանավի անհետանալու մասին ազդանշանից անմիջապես հետո EgyptAir-ն իրավիճակին հետևելու համար օպերատիվ հատուկ շտաբ է ստեղծել, որում ընդգրկվել են բոլոր ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները:

Եգիպտոսի քաղավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին իր առաջին հայտարարություններում բացառել է, որ օդանավը կարող էր տեխնիկական խնդիրներ ունենալ:

«Եթե ուշադիր վերլուծեք իրավիճակը, կտեսնեք, որ ահաբեկչության հավանականությունն ավելի մեծ է, քան տեխնիկական անսարքության հնարավորությունը»,- ասել է եգիպտացի պաշտոնյան:

Ավիաընկերության մասնագետները պնդում են, որ այդ օդանավը շահագործման է հանձնվել մոտ 13 տարի առաջ և եղել է բարվոք վիճակում:

Ինքնաթիռի որոնողական աշխատանքներն իրականացնում են Եգիպտոսի և Հունաստանի ռազմական օդաչուներն ու փրկարարական ծառայությունները: Հունական Կարպատոս կղզու շրջանում՝ Էգեյան ծովի հարավային մասում, ըստ «Ռոյթերզ» գործակալության, օդանավի բեկորներ են հայտնաբերվել:

Հունաստանի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ օդանավը կտրուկ փոխել էր ուղղությունը և սրընթաց իջել: Այս հանգամանքը, ըստ հունական ռազմական գերատեսչության, թույլ է տալիս ենթադրել, որ օդանավում կարող էր պայթուցիկ լինել: Միջազգային լրատվամիջոցները նկատում են, որ շրջանառվող ահաբեկչության վարկածին զուգահեռ, մինչ այս պահը ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

XS
SM
MD
LG