Մատչելիության հղումներ

Գասպարիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է


Հատուկ քննչական ծառայությունը նամակ է հղել ակտիվիստ Վարդգես Գասպարիին՝ հաղորդելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է հանցակազմի բացակայության հիմքով։

Գետնին պառկելը որպես բողոքի ակցիայի յուրօրինակ ձև ընտրած Գասպարին «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ի սկզբանե անհեթեթ այս գործի ավարտից ևս կարելի է չզարմանալ․ - «Աբսուրդ է, ոնց ուզում անում են․ մի հատ էս կողմ, մի հատ էն կողմ»։

Անցած դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական հանրաքվեի օրը Երևանի ընտրատեղամասերից մեկում դիտորդություն իրականացրած 59-ամյա ակտիվիստի դեմ քրեական գործ էր հարուցվել ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքով։ Իրավապահները նրան մեղսագրել էին հանդուգն եղանակով քվեարկողներին, ընտրական հանձնաժողովի անդամներին նկարահանելը՝ պնդելով, որ քվեարկության եկած ընտրողին կաշկանդել են Գասպարիի այս գործողությունները։

Ակտիվիստը հիշում է, որ մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ խախտումներ էր արձանագրել թե՛ տեղամասի ներսում, թե՛ դրանից դուրս։ Դիտորդությունը ընդհատվել էր, սակայն, ըստ ակտիվիստի, բազմաթիվ խախտումներ արձանագրելուց հետո հանձնաժողովի նախագահը, պատճառաբանելով, որ Գասպարին խանգարում է իրենց, ոստիկանություն էր կանչել, ինչից հետո ակտիվիստին բերման էին ենթարկել՝ թույլ չտալով վերադառնալ տեղամաս ու շարունակել դիտորդությունը։

«Փաստացիորեն էդ Ընտրական նոր օրենսգրքով էդ ամեն ինչին օրենքի ուժ են տվել: Ասում են՝ լավ, թող էս մեկն էլ էսպես գնա: Մյուս ընտրություններում արդեն «հանդուգն», ինչպես իրենք են օգտագործել, փաստեր արձանագրողներ չեն լինի, օրենքով սահմանված կարգով էդ հաստատել են: Ասում են՝ դե լավ, էդ գլխացավանքից ազատվենք», - ասաց Վարդգես Գասպարին՝ հավելելով նաև, թե չէր բացառվում, որ իշխանությունները մտավախություն ունեին, որ եթե գործը հասներ դատարան, ապա ինքը աղաղակող խախտումներ կարող էր ներկայացնել ընտրատեղամասում կատարվածի վերաբերյալ․ - «Բոլոր հնարավոր տարբերակները, ռեսուրսները ես փորձելու էի կամ փորձելու եմ վազ չանցնել: Երևի թե իրանք տեսան, որ սա աշխատատար ու ավելի քիչ արդյունավետ գործ ա իրենց համար»:

Գասպարիի դեմ սա միակ քրեական գործը չէր․ ամիսներ առաջ նա 400 հազար դրամ տուգանքի ենթարկվեց՝ դատավորի ու ոստիկանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Ակտիվիստը հրաժարվում է վճարել այս գումարը՝ պնդելով, որ շարունակելու է պայքարել անարդարությունների դեմ՝ չնայած ամիսներ առաջ մեկ շաբաթ բանտում պահվելուց հետո հայտարարեց, որ իրեն խոշտանգել ու նվաստացրել են։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ այս որոշումը չէր կարող կայացվել առանց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի իմացության․ - «Սա կամքի դրսևորում է ուղղակի․ հրաժարվել սարքված մեղադրանքից: Այն աղմուկը, որը բարձրացավ Գասպարիի շուրջ, ընդհանրապես այնպես, ինչպես իրեն պահեց Գասպարին, ինքը հաղթեց: Գուցե վրեժխնդիրների ներքին հոգեվիճակը բավարարվե՞ց դրանով, երբ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում Գասպարիին ծեծի ենթարկեցին և հոգեբանական ծանր վիճակի մեջ պահեցին օրեր շարունակ: Գուցե բավարարվե՞ց իշխանությունը կամ ոստիկանությունը այսքանով և որոշեցին հրաժարվել մեղադրանքից»:

XS
SM
MD
LG