Մատչելիության հղումներ

Ընտանիքի չորս հաշմանդամներից ոչ մեկը չի կարողանում աշխատանք գտնել


Կոտայքի մարզի Արգել գյուղում բնակվող Գրիգորյանների ընտանիքի յոթ անդամներից չորսը հաշմանդամություն ունեն։

Ավագ քույրը՝ Լուսինեն ծանր հիվանդությունից հետո հոգեկան առողջության խնդիրներ է ձեռք բերել։ Միքայելն ու Զվարթը լսողության խնդիրներ ունեն, նրանց հորաքույր Սեդան՝ երրորդ կարգի հաշմանդամություն։ Ընտանիքը կենսաթոշակով ու կրտսեր տղայի՝ Արամի աշխատավարձով է առօրյա ծախսերը հոգում։

Միքայելն ամբողջ օրը տնամերձ այգում է անցկացնում ու բերքը երբեմն շուկա տանում։ Թե՛ նա, թե՛ քույրը վաղուց արդեն չափահաս են, սակայն աշխատանք գտնել չեն կարողանում։

«Բազմաթիվ կազմակերպությունների ենք դիմել, բայց բոլորն էլ մերժել են», - ասում է հորաքույրը՝ նշելով, որ Միքայելը կարող է աշխատել այգիներում։ - «Մեզ մոտ գէս կա, եթե ուզենա ղեկավարությունը, կարող են տեղավորել, որովհետև դա այդքան խոսելու և լսողության հետ կապ չունի»:

Զվարթը դիմահարդարման, իսկ Միքայելը խոհարարական դասընթացների է հաճախել, սակայն գյուղում սովորածը կիրառել չեն կարողանում։ Ստիպված են բավարարվել 19.000 դրամ թոշակով, որը ստանում են ընտանիքի անդամներից երեքը։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում շուրջ 200 հազար հաշմանդամություն ունեցող անձ կա, որոնց կեսից ավելին աշխատունակ են, սակայն զբաղվածություն ունի նրանց միայն շուրջ տասը տոկոսը։

«Ունեն, ենթադրենք, գազի խնդիրն ա էսօր: 2-3 ամիս օգտագործել են, բայց ի վիճակի չեն, որովհետև տունը ունեն նաև հիվանդ, որ պառկած ա անկողնային, ի վիճակի չեն: Ենթադրենք, եթե հիվանդին մի դեղ գնեն, իրանց ամեն օրվա ուտելիքն ա, եթե 19.000-ը տան մի լավ օլիգարխի ձեռքը, դա ընդամենը կտևի մեկ վայրկյան ծախսելու համար: Երևի սիգարետ կառնի իրան։ Իսկ էս տիպի 32 տարեկան տղամարդը որ ընտանիք կազմի իրան, չի կարողանում։ Ամեն սեպտեմբերին աչքերը իրա նենց մի թախիծով ա լցվում, ասում եմ՝ ինչի՞ ես էդ ձևի նայում, ասում ա՝ որովհետև նայում եմ իմ տարիքի տղաները իրանց երեխաների ձեռքը բռնած տանում են դպրոց»։

Գրիգորյանները բակում տարիներ առաջ խանութ են ունեցել, սակայն այսօր փոքր բիզնեսը վերականգնելու գումար չունեն։ Դարակները հիմա դատարկ են, միայն գնապիտակներն են մնացել։

Սեդա Գրիգորյանի խոսքով, բանկերն իրենց արդեն վարկ չեն տրամադրում․ - «Ես ունեցել եմ վարկ, որովհետև ես վարկով աշխատել եմ, առևտուր եմ արել, պահել եմ: Բայց էս պահին վարկ էլ չենք կարողանում ստանալ, որովհետև ամբողջ գյուղը վճարունակ չի»:

Գրիգորյանների տունը վթարային է։ 88-ի երկրաշարժից հետո պատերի վրա գոյացած ճեղքերն ամեն տարի մեծանում են։ Միքայելն ուզում է այն վերանորոգել, մի տուն էլ Երևանում գնել, որպեսզի ընկերների հետ ոչ միայն համացանցով շփվի, այլև տեսնելու հնարավորություն ունենա։

Պաշտոնյաներին ուղղված նամակներն անպատասխան են մնացել։ Օրերս Միքայելը նաև վարչապետին է բաց նամակ գրել․ - «Հետևում ա, թե քանի հոգի ա նայել և արձագանք չունի։ Ամեն մեկ օրը իրանց համար տարի ա։ Ասում են՝ հավասարը հավասարին, էսօր էդ կարգախոսը կեղծ ա»:

XS
SM
MD
LG