Մատչելիության հղումներ

Սիրանույշ Պապյան․ Սա կարող է դառնալ լավ նախադեպ


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, 24-ը ապրիլի, 2016 թ.

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, 24-ը ապրիլի, 2016 թ.

Լրագրող Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարույթ է ընդունվել Կենտրոնի դատարանում: Առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսին:

Լրագրողը պահանջում է պարտավորեցնել Վլադիմիր Գասպարյանին հրապարակային ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

Միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում: Հակադարձելով Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, Վլադիմիր Գասպարյանն ասել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։

Լրագրողը «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ հայաստանյան դատական համակարգից մեծ ակնկալիքներ չունի, այդուհանդերձ, կարևոր է համարում նման գործըթնաց սկսելը․ - «Այն, ինչ տեղի է ունեցել, ակնհայտ տեղի է ունեցել մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ, տեսախցիկներն են ֆիքսել, և ըստ էության բավականին բարդ է լինելու դատական համակարգին դեմ դուրս գալու ինձ: Իհարկե, նրան [Վլադիմիր Գասպարյանին] փորձելու են արդարացնել կամ պաշտպանել, այնուամենայնիվ ակնհայտ է վիրավորանքը»:

Ոստիկանապետի պահվածքի համար իշխանության անունից ներողություն էր խնդրել Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Սիրանույշ Պապյանի պնդմամբ՝ սա ևս ապացուցում է, որ վիրավորանք եղել է:

Այդուհանդերձ ինքը՝ Վլադիմիր Գասպարյանը, դեռևս զերծ է մնացել ներողություն խնդրելուց․ միջադեպից հետո Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե ոստիկանապետը լրագրողին չի վիրավորել:

«Ընդամենը, հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում։

Ոստիկանապետի շահերը դատարանում ներկայացնելու է քաղաքական հնչեղություն ունեցող գործերով հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա «Ազատության»-ն ասաց, որ դեռ չի ցանկանում մեկնաբանել գործը:

Այդուհանդերձ, փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել էր բոլորին` գոհունակություն հայտնելով, որ ոստիկանապետն իր շահերի պաշտպանության համար դիմել է փաստաբանի․ - «Դա վկայում է այն մասին, որ քաղաքացիական հասարակությունը մեր երկրում, անկախ ամեն ինչից, զարգանում է և կայանում: Ընդունենք, որ նման բան հնարավոր չէր պատկերացնել դեռ ոչ վաղ անցյալում, օրինակ, Հայկազ Շահինյանի կամ Վանո Սիրադեղյանի օրոք»:

Հայցվոր լրագրողը վստահ է, որ ոստիկանապետի դեմ սկսված դատական գործընթացը կկաշկանդի պաշտոնյաներին հետագայում լրագրողներին վիրավորելուց․ - «Սա կարող է դառնալ իսկապես լավ նախադեպ, որ յուրաքանչյուր պաշտոնյա իմանա, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչ է իր դիմացը գտնվում, և բնավ կարևոր չէ նրա մեջ կին կամ տղամարդ տեսնել, նա կատարում է իր աշխատանքային պարտավորությունը, և փոխադարձ հարգանք պիտի լինի թե՛ հարց տվողի, թե՛ պատասխանողի միջև»:

Լրագրողին վիրավորելու վերաբերյալ հայց ներկայացնելը կարևոր քայլ է համարում նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա կարծիքով, եթե դատարանն արդար վճիռ կայացնի, ապա դա կարող է առողջացնել լրագրողների ու պաշտոնյաների փոխհարաբերությունները․ - «Այս պարագայում, երբ ակնհայտ է, որ բարձրաստիճան պաշտոնյան վիրավորել է լրագրողին, նրա անձը, կարծես թե, մենք կարող ենք շանս ունենալ տեսնելու, թե ինչպիսի որոշում կընդունի դատարանը, և արդյոք բարձրաստիճան պաշտոնյան պատրաստ կլինի ներողություն խնդրել»:

Սիրանույշ Պապյանը ոստիկանապետին դրամային պահանջ չի ներկայացրել․ - «Որևէ պահ չեմ էլ ուզում գումարային տիրույթ մտնել: Ուզում եմ պարզ և հստակ ներողություն»:

Ոստիկանապետի դեմ գործը Կենտրոնի դատարանում քննելու է դատավոր Գայանե Մազմանյանը: Հայցվոր լրագրողը ընդգծում է, որ դատավորի կին լինելը կարևոր է, քանի որ հենց կնոջ արժանապատվություն է վիրավորվել:

XS
SM
MD
LG