Մատչելիության հղումներ

ՀԱԿ պատգամավորն արձագանքում է վարչապետի՝ գործարարների և ներկրողների համար հարկային հավասար պայմաններ ստեղծելու հայտարարությանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը չի հավատում, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատերազմ կսկսի իր թիմի կամ հենց ինքն իր դեմ:

Նշենք, որ վարչապետը մի քանի օր է հայտարարում է, թե այսուհետև հավասար հարկային պայմաններ են լինելու բոլոր գործարարների և ներկրողների համար, ավելին, վարչապետի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ ցանկա:

«Որ ասում էին՝ շաքարավազը մենաշնորհ է, չգիտեմ, տարբեր այլ սննդի տեսակներ են ասում, հիմա ես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ լինելու են հավասար պայմաններ, հավասար հարկային դաշտ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ որ ցանկանա, որևէ արհեստական խոչընդոտ չի լինելու», - հայտարարել էր վարչապետը։

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մինչդեռ, հիշեցնում է՝ Հովիկ Աբրահամյանը նմանատիպ հայտարարություններ էլի է արել, բայց որևէ բան չի փոխվել:

«Էդ մարդիկ ոնց որ էս աշխարհից չեն։ Մտեք ցանկացած սպասարկման հիմնարկ, ցանկացած խանութ, ցանկացած բիզնեսմենի հետ խոսեք՝ ո՞նց է, իրա բիզնեսը զարգանո՞ւմ է, թե՞ հարկայինը խեղդում է, թե՞ մաքսայինը մորթում է, թե՞ գնաճ է տեղի ունենում, թե՞ ապրանքի վաճառք չկա։ Տնտեսությունը լրիվ ուրիշ բան է ասում։ Եթե ամեն ինչ էդպես լավ է, ինչո՞ւ են մեր թվերն այսպես վատ, ինչո՞ւ ո՛չ ներդրում կա, ո՛չ շրջանառու միջոցներ, ո՛չ ընդլայնում կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր գործիչը։

Ճշտող հարցին, թե չի՞ հավատում, որ վարչապետի հայտարարությունից հետո ցանկացողները կարող են շաքարավազ կամ վառելիք ներկրել, Մանուկյանը պատասխանեց. - «Դա նշանակում է պատերազմ, եթե դա լիներ, պատերազմ՝ սեփական թիմի հետ, կամ նույնն է թե պատերազմ ինքն իր հետ։ Իրենք պատրա՞ստ են գնալ դրան, ո՛չ, ես չեմ կարծում։ Երկու տարի առաջ Հովիկ Աբրահամյանը նույն բաները չէ՞ր ասում, ներողություն, հենց այս դահլիճում, երբ որ ինքը նշանակվում էր վարչապետ։ Նույն խոստումները՝ տարբեր բառերով, տարբեր նախադասություններով տվել է, իսկ դրանից հետո ովքե՞ր են մտել կառավարություն, ովքե՞ր չեն ճանաչում մեր երկրի մեծահարուստներին, փողատերերին, բիզնես ունեցողներին, ապրանք արտահանողներին, էդ մարդիկ հիմա կառավարությունում չե՞ն, Ազգային ժողովում չե՞ն, ո՞վ չի ճանաչում նրանց։ Էդ մարդիկ հիմա հանկարծ արթնանալու են և բերված բանանը բանա՞ն են գրանցելու, չէ՞ որ գիտենք՝ ինչ ապրանքներ է գալիս, ինչ է գրանցվում, ովքեր են գալիս, ուրիշներն իրավունք ունե՞ն էդ դաշտ մտնելու։ Ասածը գործով պետք է երևա»։

Հարցին, թե ո՞րն է կառավարության նպատակը, Մանուկյանը պատասխանեց. - «Նպատակը զուտ քարոզի խնդիր է՝ և՛ ներսի, և՛ դրսի, վարկեր բերելու խնդիր է, միջազգային կառույցների աչքին թոզ փչելու խնդիր է։ Շատ լավ ենք ճանաչում և տիրապետում ենք էս երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ինֆորմացիային։ Բացահայտ ասում եմ՝ չեմ հավատում»։

Ընդդիմադիր պատգամավորը բերում է «Ռուսարմօյլ» ընկերության օրինակը, երբ գործարարը 17 օր շարունակ չէր կարողանում ներկրել 58 հազար լիտր դիզելային վառելիքը: Միայն այն բանից հետո, երբ ընկերության սեփականատերը մեծ աղմուկ բարձրացրեց լրատվամիջոցներով՝ դիմելով անգամ Ռուսաստանի դեսպանատանը, խնդիրն ի վերջո լուծվեց: Ընկերությունից այսօր «Ազատության»-ը փոխանցեցին, որ դիզելային վառելիքն ի վերջո մաքսազերծել են:

«Մարդ, որը սահմանի վրա բենզին էր բերել, նա հստակ ընդդիմադիր էր և իրեն թույլ չէին տվել այդ ապրանքը անցկացնել, ես կարծում եմ՝ հենց նրա համար, որ ինքը ընդդիմադիր էր։ Ընդդիմադիր էլ չլինես, մրցունակ չես, քանի որ կան էդ դաշտում մոնոպոլիաներ», - ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով կառավարության կոնկրետ քայլերին, որոնց համաձայն՝ պետական համակարգում գործող ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն, այս քայլը, ըստ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղարի, որևէ բան չի փոխելու:

Նշենք, որ կառավարության որոշմամբ, 797 ծառայողական մեքենա պետք է կրճատվի, որոնցից 107-ն ուղղակիորեն ֆինանսավորվում են բյուջեից։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, կրճատվելու են նախարարություններին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին սպասարկող մեքենաները և այլն:

Մինչդեռ նախարարները կշարունակեն երթևեկել մեքենաներով, ինչպես ֆինանսների փոխնախարարը նշեց՝ «ի հեճուկս» մեզ։ «Ես կարծում եմ, որ ոչ թե դեռևս, այլ բավականին երկար ժամանակ կմնա, ի հեճուկս Ձեզ», - ասաց փոխնախարարը։

Դիտարկմանը, որ եթե բյուջեն չի ներում, կարելի է հասարակական տրանսպորտից օգտվել, փոխնախարարն այսպես արձագանքեց. - «Մեկ մեքենայի պահպանման ծախսը 1 միլիոն 200 հազար դրամ է։ Ինչպե՞ս կարող ենք ունենալ մի բյուջե, որտեղ 18 նախարարի համար չգտնվի այդ 1 միլիոն դրամ գումարը՝ յուրաքանչյուր նախարարին։ Եթե Ձեզ պետք լինի, եթե Դուք դրանից շատ հաճույք կստանաք և ուզենաք, որ այդ հաճույքը շարունակական լինի, իհարկե, կարող են կրճատել»։

XS
SM
MD
LG