Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն դիմում է «Անալիտիկ»-ի աշխատակիցների գործունեությունից հնարավոր տուժածներին


Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Անալիտիկ» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար Ազգային ժողովի պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ»:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում «Անալիտիկ» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ», նրանց նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

«Նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս կարծելու, որ վերը նշված շորթումը «Անալիտիկ» լրատվական կայքի աշխատակիցների կամ նրանց անունից հանդես եկող անձանց ապօրինի գործունեության միակ դեպքը չէ: Ուստի հորդորում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր տուժել են վերջիններիս ապօրինի գործունեությունից, դիմեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։ Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, «Անալիտիկ» կայքի ղեկավարության դեմ մայիսի սկզբին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (ԿՀԴՊ ԳՎ) հաղորդում էր տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին խոսնակ, «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG