Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտում է Բունդեսթագում Ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակներին


Թուրքիայի նախագահի նստավայրը Անկարայում

Թուրքիայի նախագահի նստավայրը Անկարայում

Անկարան կրկին խոսում է արխիվներ բացելու և փաստաթղթեր ուսումնասիրելու մասին։

Թուրքիան դատապարտում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի հեղինակներին, «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Գերմանիայի խորհրդարանի երկու պալատներից մեկում՝ Բունդեսթագում հունիսի 2-ին սպասվող քվեարկությունից առաջ պաշտոնական Անկարան կրկին խոսում է արխիվներ բացելու և փաստաթղթեր ուսումնասիրելու մասին։

«Մեր նախաձեռնությունը՝ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու շուրջ, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ցեղասպանության թեզին աջակցող այլ պետությունների կողմից արձագանքի չարժանացավ։ Պարզ հարց է ծագում՝ ինչի՞ց եք վախենում՝ վախենում եք արխիվները բացահայտելո՞ւց, փախչում եք պատմությունից և փաստաթղթերի՞ց», - Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում թուրքական գործակալությունը։

Փորձագետները չեն բացառում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը հավանության կարժանանա գերմանական խորհրդարանի կողմից, որը վաղուց է քննարկում հարցը։

Չնայած երկրում չորս միլիոնանոց թուրքական համայնքի առկայությանը, գերմանական մամուլի տվյալներով, գերմանական խորհրդարանի խոշոր կուսակցությունները արդեն համաձայնության են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, մասնավորապես՝ վերամշակել և քննարկման դնել մեկ միասնական բանաձև, որը կպարունակի երեք հիմնադրույթներ` հստակ հայտարարել, որ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն են, ընդունել Գերմանիայի պատմական մեղսակցությունը, նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

Բանաձևի համահեղինակ, Կանաչների կուսակցության համանախագահ, ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը վերջին օրերին հայտարարել էր, թե երևի Անկարայում կզայրանան, բայց Բունդեսթագը երբեք շանտաժի չի ենթարկվի Էրդողանի նման դեսպոտների կողմից։

Բունդեսթագը 2005 թվականին արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում` չօգտագործելով, սակայն, ցեղասպանություն եզրույթը: 2015 թվականի մարտին, երբ այս հարցը կրկին խորհրդարանի օրակարգում էր, խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերթը հայտարարել էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Նա նաև նշել, էր, որ «դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ևս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողության ժամանակ օգտագործել էր ցեղասպանություն եզրույթը:

XS
SM
MD
LG