Մատչելիության հղումներ

Վարշավյան գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն ևս մեկ անգամ կարձանագրի Վրաստանի առաջընթացը


Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունները Վազիանիի ռազմակայանում, մայիս, 2016թ․

Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունները Վազիանիի ռազմակայանում, մայիս, 2016թ․

Հուլիսի 8-ին Վարշավայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում դաշինքի անդամները մեկ անգամ ևս կարձանագրեն, որ Վրաստանը լուրջ առաջընթաց է կարողացել ապահովել: Այս մասին երեկ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` չնշելով, սակայն` արդյոք գոնե այս անգամ Թբիլիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր կստանա՞, թե՞՝ ոչ:

«Ես խորապես համոզված եմ, որ հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարձանագրի այն առաջընթացը, որին կարողացել է հասնել Վրաստանը: Մենք կվերահաստատենք նաև այն քաղաքական և գործնական աջակցությունը, որ դաշինքը ցուցաբերում է Վրաստանին: Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակելու է աջակցել Վրաստանին` բարեփոխումների իրագործման, կենսունակ հաստատությունների ստեղծման, ինչպես նաև ժամանակակից զինված ուժերի ձևավորման ճանապարհին», - հայտարարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցը շարունակում է լուրջ տարաձայնությունների առիթ հանդիսանալ դաշինքի ներսում: 2008 թվականի Բուխարեստի համաժողովից ի վեր դաշինքի անդամ պետությունները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ հարկավո՞ր է արդյոք հերթական սուր հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ` Վրաստանին ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու իրավունք շնորհելով, թե՞՝ ոչ: Դատելով դաշինքի ներսից ստացվող տեղեկություններից` Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հիմնական հակառակորդներն են Ֆրանսիան և Գերմանիան, աջակիցները` Արևելյան Եվրոպայի և Բալթյան տարածաշրջանի պետությունները:

Սա է, թերևս, պատճառը, որ Հյուսիսատլանտյան դաշինքը գերադասում է կոնկրետ գործողությունների միջոցով խորացնել կապերը Վրաստանի հետ՝ առանց հստակ խոստումներ հնչեցնելու: Հենց այս քաղաքականության դրսևորումներից են նաև Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիում մայիսի 11-ին մեկնարկած համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են հազարից ավելի ամերիկացի, բրիտանացի և վրաց զինվորականներ:

Վերջին օրերին զորավարժությունների մասնակիցները հիմնականում կենտրոնացել էին հակատանկային մարտավարության և հրետանու գործողությունների համադրման վրա:

Ինչպես նշում էր Վազիանիում գործող բրիտանական զորախմբի անդամներից մեկը, Վրաստանում անցկացվող զորավարժությունների նշանակությունը Հյուսիսատլանտյան դաշինքին մաս կազմող պետությունների զինվորականները լավ են հասկանում:

«Մենք այժմ հասել ենք զորավարժությունների կեսին, տասն օր է արդեն ինչ դրանք շարունակվում են, ևս տասն օր էլ դեռ կա մինչև ավարտը: Վերջին օրերին մեր 160-հոգանոց զորախումբը դաշտային վարժանքներ էր իրականացնում ամերիկացիների և վրացիների կողմից ցուցաբերվող հրետանային աջակցության պայմաններում: Մենք շնորհակալ ենք մեզ այստեղ հյուրընկալելու համար և ապագայում կրկին պատրաստ ենք ժամանել Վրաստան` ավելի շատ աշխատանք կատարելու նպատակով», - հայտարարում էր բրիտանացի սպան:

XS
SM
MD
LG