Մատչելիության հղումներ

Մահացած զինծառայողի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին


Բանակում մահացած զինծառայող Հովհաննես Պետրոսյանի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը:

Բանակում մահացած զինծառայող Հովհաննես Պետրոսյանի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը:

Ըստ պաշտոնական վարկածի, անցած ամիս Իջևանի զորամասերից մեկում գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացած 18-ամյա զինծառայող Հովհաննես Պետրոսյանին հասցրել են ինքնասպանության:

Երեք ամսվա զինծառայողը զորամասում զինտեխնիկա տեղափոխող մեքենայի վարորդ է եղել: Հոր՝ Վաչիկ Պետրոսյանի խոսքով, սպաներից մեկի հետ որդու հարաբերությունները լարվել են, որովհետև նա թույլ չի տվել այդ սպային իր մեքենայից բենզին գողանալ:

Հայրը հրաժարվեց նշել այդ սպայի անունը, ասաց՝ քննիչներին է միայն ասել․ - «Իրա մեքենայի մեջ գողություն են անում: Էրեխեն տեսել ա էդ ամեն ինչը․ բենզինի գողություն են անում, ինքն էլ իրա կողպեքը բերել ա, գցել ա բակի վրա: Փակել ա, որ ձեռ չտան: Հեռախոսով ինձ ասել ա, որ աֆիցերը ընկել ա ոտիս հետևից: Ասել եմ՝ տղես, ես էլ եմ քո վրեն ջղայնանում․․․ քո պես քանի՞ հատ կա ստեղ: Ասում էր՝ պապա, դու ճիշտ չես, էսի էն մարդը չի, որ ես իրա հետ կարամ լավ ըլնեմ»:

Մահացած զինվորի հայրն ասաց նաև, որ այդ սպան կեսգիշերին զանգել է իրեն ու բողոքել որդուց: Սպային հանդիպելու ու որդուն այլ զորամաս տեղափոխելու հարցը լուծելու համար հայրը պատրաստվում էր գնալ Իջևան, բայց երկուշաբթի օրը որդու անշնչացած մարմինը հայտնաբերվել է նրան հանձնված մեքենայի թափքում՝ գլխին ու դեմքին ստացած հրազենային երկու մահացու կրակոցով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ ո՛չ կասկածյալ կա ներգրավված, ո՛չ էլ կալանավորված անձ, ինչը իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տարօրինակ է համարում:

Հարությունյանի պնդմամբ՝ զինծառայողների մահվան իրական պատճառները կոծկելու ամենակարճ ճանապարհը ինքնասպանության հոդվածով քրեական գործերի հարուցումն է․ - «Հին պատմություն է․ այդ կարգի հոդվածներով փակել բանակում տեղի ունեցած և տեղի ունեցող սպանությունները: Դա ամենակարճ և ամենահեշտ ճանապարհն է այդ կարգի ճչացող գործերը փակելու համար: Չեմ ուզում մտնել քրեական գործի հետ կապված նրբությունների մեջ, թե ինչպես կարող էր մարդը ինքը իրեն կրակել երկու անգամ, այնուհետև ինքը իր դիակը արդեն տեղափոխել A կետից B կետ: Թող քննիչները դրա պատասխանը տան: Բայց եկել է արդեն մի պահ, երբ ինքնասպանության վարկածներով այդ սպանությունները կոծկելն արդեն անհնարին է լինելու: Դա գալիս է սպաներից: Մեր զինվորները գնում են բանակ 18 տարեկան պատանիներ, նրանցից որևէ մեկը ո՛չ հանցագործ է, ո՛չ էլ գողական: Նրանք այնտեղ են հանդիպում հանցագործությանը և գողականությանը»:

Հովհաննես Պետրոսյանի հայրն առայսօր չի կարողանում հասկանալ, թե ինչպես են իր երեք ամսվա զինծառայող որդու պահպանությանը հանձնել թանկարժեք զինտեխնիկայով բեռնված մեքենան, առավել ևս՝ դիրքերում:

Միակ որդուն հուղարկավորած մայրն էլ որդու հետ իր վերջին խոսակցությունն է հիշում: Ասում է՝ խնդրել էր, որ իրեն տեսակցության գնանք․ - «Մամ, ասեց, ե՞րբ եք գալու: Ասի՝ բալես, հեսա պապան գալու ա, պապան չի ուզում ինձ բերի: Ասեց՝ մամ, դու էլ արի, քուրիկին էլ բեր, կարոտել եմ ձեզ»:

Ծնողները պնդում են, որ ինքնասպանության ոչ մի պատճառ երիտասարդը չի ունեցել: Երազում էր բանակից վերադառնալուց հետո թատերական համալսարանում ուսումը շարունակել: Հայրն ասում է՝ կենսուրախ որդուն Երևանում սիրած աղջիկն էր սպասում, ում հետ իրենք դեպքից հետո են միայն ծանոթացել:

Պաշտպանության նախարարությունից հրաժարվեցին որևէ մեկնաբանությունից՝ ընդգծելով, որ գործը գտնվում է իրավապահների տիրույթում, հարուցվել է քրեական գործ ինքնասպանության, կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ այս պահին քննություն է տարվում՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկացրին նաև, որ բազմակողմանի քննություն է կատարվում նաև զինծառայողի հոր մատնանշած հանգամանքների կապակցությամբ:

XS
SM
MD
LG