Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հնարավոր է զրկվի Ռիո 2016-ին մասնակցելու իրավունքից


Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի լոգոն
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի լոգոն

ՄՕԿ-ը սպասում է Ռուսաստանի դոպինգային սկանդալի շուրջ հետաքննության արդյունքներին:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականը կարող է զրկվել Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, եթե հաստատվեն «դոպինգային ծրագրի» վերաբերյալ մեղադրանքները:

«Փաստերի հաստատման դեպքում Ռուսաստանի մարզիկները պատասխանատվության կենթարկվեն և կզրկվեն Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից», - ասել է Բախը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել խթանիչի օգտագործման հարցով միջազգային հետաքննությանը, սակայն հավանություն չի տալիս ռուս մարզիկներին ստուգելու՝ Միացյալ Նահանգների մտադրություններին:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է ուսումնասիրել ռուսաստանցի տասնյակ առաջատար մարզիկների կողմից խթանիչներ կիրառելու փաստերը։

The New York Times-ի փոխանցմամբ, գործը քննում է Նյու Յորքի արևելյան շրջանի դատախազությունը, հետաքննության առանցքում բոլոր այն մարզիկների գործունեությունն է, որոնք, ըստ իրավական ձևակերպման, «կարող էին ունենալ անթույլատրելի շահ խթանիչի կիրառումից»:

Բացի մարզիկներից, ամերիկացի իրավապահների ուշադրության կենտրոնում են նաև ռուսաստանցի պետական ծառայողներ, մարզիչներ, հակադոպինգային օղակների պատասխանատուներ: Նրանց սպառնում են հանցավոր պայմանավորվածության և խարդախության մեղադրանքներ:

The New York Times-ի տվյալներով՝ Ռուսաստանի դոպինգային սկանդալը նախ հետաքննել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն, այնուհետև գործի նյութերը փոխանցվել են դատախազության այն վարչությանը, որը զբաղվել է նաև կոռուպցիայի մեջ մեղադրվող ՖԻՖԱ-ի տասնյակ ներկայացուցիչների գործերով:

Ամերիկացի իրավապահների քննության հիմքում, մասնավորապես, Ռուսաստանի հակադոպինգային գործակալության նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի պնդումներն են։ Նա հայտնել է, որ 2014-ին Սոչիում կայացած Օլիմպիական խաղերում Ռուսաստանի սպորտսմենները խթանիչներ են օգտագործել։ Ըստ Ռոդչենկովի՝ Ռուսաստանի 15 մեդալակիր մաս է կազմել «դոպինգային ծրագրին»:

Ավելի վաղ Ռուսաստանի հակադոպինգային գործակալության նախկին աշխատակից Վիտալի Ստեպանովը ամերիկյան CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ դոպինգի ծրագիրը վերահսկել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը:

Կիրակի օրը The Sunday Times բրիտանական թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ասել է, որ Ռուսաստանը ձգտում է «մաքուր և արդար» սպորտի: Մուտկոյի խոսքով՝ «լուրջ սխալներ է թույլ տվել ֆեդերացիան՝ մարմնամարզիկների և նրանց ղեկավարների մասնակցությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG