Մատչելիության հղումներ

Որդեկորույս մայրը վիճարկում է դատախազության կողմից որդու մահվան գործը կասեցնելու որոշումը


Բանակում ոչ մարտական պայմաններում մահացած Վալերի Մուրադյանի մոր նյարդերն այսօր դատարանում տեղի տվեցին․ վեց տարի շարունակ տարբեր պաշտոնյաների դռներ թակած կինը բղավեց դատախազի ու քննիչի հետևից, որոնց էլ մեղադրում է որդու քրեական գործը կոծկելու մեջ։

Որդեկորույս մայրը դատարանում վիճարկում է դատախազության կողմից որդու մահվան գործը կասեցնելու որոշումը։ Իրավապահները, վեց տարի քննելով այս գործը, եզրահանգել են, որ հայտնի չեն այն անձինք, որոնք մեղավոր են զինվորին ինքնասպանության դրդելու մեջ։

Դատարանում Նանա Մուրադյանը կրկին պնդեց իր կասկածները՝ որդուն սպանել են: Մոր խոսքով՝ զինվորի մարմնի վրա առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, որոնք, ըստ նրա, կապ չունեն պաշտոնական վարկածի՝ պարանով կախվելու հետ։ Անցած տարիներին որդու մահվան քրեական գործն անգիր արած մայրը շեշտեց՝ նախաքննական մարմինը վերացրել է մի շարք կարևոր ապացույցներ, որոնք կարող էին վկայել սպանության մասին։

«Կոշիկները ընդհանրապես գոյություն չունեն, իմ բողոքներից հետո, որ գրված էր՝ աղտոտված է համազգեստը, պահանջել եմ՝ բազմաթիվ միջնորդություններից հետո նոր համազգեստը բավարարեցին, տեսա, որ կոշիկները մեջը չի», - պատմեց նա:

Մինչդեռ գործը քննած Արսեն Մովսիսյանը հայտարարեց՝ իրենք արել են հնարավորը, փորձելով պարզել տարիներ առաջ բանակում տեղի ունեցած մահվան դեպքի բոլոր մանրամասները, բայց՝ ապարդյուն․ - «Սպանության որևէ հանգամանք չի հաստատվել, իսկ առկա վնասվածքները եղել են մեկ օր առաջ մեքենայի հետ աշխատելու ընթացքում: Կատարվել են բոլոր հնարավոր քննչական գործողությունները, բայց ի հայտ չի եկել անձը, ով պետք է մեղադրյալ ներգրավվեր»:

Որդեկորույս մայրն ու նրան սատարելու եկած մյուս բախտակից կանայք այլ պատասխան չէին էլ սպասում։ Նանա Մուրադյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանին քննիչ Մովսիսյանի ու այս գործը վերահսկող դատախազ Արամ Խաչատրյանի պնդումները չհամոզեցին՝ շեշտեց, որ մինչ օրս նրանք որևէ հիմնավորում չեն ներկայացրել ինքնասպանության պաշտոնական վարկածի մասին։

Դատն ընդմիջվեց, ինչից հետո Նանա Մուրադյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, ըստ իրեն, իրավապահների ուշադրությանը չարժանացած վառելիքի գողության պատմության մասին։ Որդուն սպանել են, քանի որ նա տեղյակ է եղել այդ մասին, անգամ մահվանից 4 օր առաջ մորը հեռախոսով պատմել է աչքի տեսածը․ - «Ասացի՝ Վալեր ջան, բա ըդտեղ կամանդիր չկա՞, չե՞ն վախենում էդ զինվորները, որ կբռնվեն: Ասաց՝ մամա, ի՞նչ կամանդիր, աֆիցերը իրա մեքենայով զադնիով գալիսա, տղեքը լցնում են, գնումա: Ասեցի՝ Վալեր ջան, զգույշ մնա, սուս մնա: Հանկարծ կողքերից կլսեն, վատ չլինի քո համար: Ասեց՝ մամա, մի վախեցի, ես դուրսը խոսում եմ: Ընդամենը 4-5 օր հետո էրեխուս գլուխը կերան»:

Որդեկորույս մայրը հիշեցրեց նաև այն ժամանակ զինդատախազ, այժմ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պնդումը․ - «Ինքը պարզ ցույց տվեց, որ էս աթոռը որտեղ դրվածա, Վալերը չէր կարա կանգներ ընդտեղից ու կախվեր: Կոստանյանը ասեց՝ եթե ես, էս բոյիս հետ, ուզենամ ձգվեմ, որ էդ պարանը բռնեմ, ես առնվազն քիթ ու բերնի կընկնեմ»:

Որդեկորույս մայրերը հայտարարեցին, թե սահմանին լարված իրավիճակի պատճառով դադարեցրած բողոքի ակցիաները առաջիկայում կվերսկսեն։

XS
SM
MD
LG