Մատչելիության հղումներ

Ըստ «Կրեպսոն»-ի տնօրենի, համառորեն մերժում են իրենց «որակյալ և անհամեմատ էժան» մրցութային առաջարկը:

Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի նոր փուլ սկսելու մասին օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած հայտարարության ֆոնին, գյուղատնտեսության ոլորտում գործող «Կրեպսոն» ընկերության տնօրենը մեղադրում է կառավարությանը՝ պարարտանյութերի մատակարարման ոլորտում մենաշնորհի առկայությանը նպաստելու մեջ:

Ընկերության տնօրեն Արման Երեմյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ իրենց հնարավորություն չի տրվում մասնակցել կառավարության կողմից իրականացվող՝ պետական աջակցության ծրագրին: Մինչդեռ, իր ընկերությունը հայաստանցի գյուղատնտեսներին առավել մատչելի ու որակյալ պարարտանյութով ապահովելու հնարավորություն կտար:

Գյուղատնտեսության նախարարությունը հակադարձում է՝ պարարտանյութերի մատակարարման շուկան ազատականացված է, սակայն, «Կրեպսոն» ընկերության կողմից երբևէ հիմնավոր մրցութային առաջարկ չի ներկայացվել: «Կրեպսոն»-ի տնօրեն Արման Երեմյանը 2007-ից զբաղվում է մրգերի ու բանջարեղենի վաճառքով: «Ազատության» հետ զրույցում նա պատմեց, թե ժամանակի ընթացքում իր համար պարզել է, որ Հայաստանում արտադրվող միրգն ու բանջարեղենը հողի վատ սնուցման պատճառով տարեցտարի որակազրկվում են: Ուստի՝ գործարարը սկսել է որակյալ պարարտանյութ փնտրել ու, կապ հաստատելով իսրայելական հեղինակավոր «ICL» ընկերության հետ, մասնագետներ է հրավիրել Հայաստան:

«Այդ փորձերի արդյունքների հիման վրա 2 տոննա փորձնական պրոդուկտ ներկրվեց հանրապետություն, փորձերի արդյունքները եղան սպասվածից էլ ավելի լավ»,- ասում է Երեմյանը: Նրա պնդմամբ՝ իրենք ստացել են ֆոսֆոր-կալիումական և ազոտական պարարտանյութ, որը շուրջ երեք անգամ ավելի էժան է ու արդյունավետ, քան այն պարարտանյութը, որը կառավարության սուբսիդավորման ծրագրով տրամադրվում է գյուղատնտեսներին:

«2014, 2015 թվականներին և վերջերս էլ հաստատվեց, որ 154 հազարով [դրամ] մեկ հեկտարին, ֆոսֆոր-կալիում է մատակարարում «Հրաշք այգի» ընկերությունը՝ չակերտավոր մրցույթով: Մենք առաջարկում ենք մեկ հեկտարի համար 55 հազար դրամ, որը, ըստ ինձ և ամենապարզ հաշվարկով, մեկ հեկտարի մեջ 99 հազար դրամ խնայողություն է ընձեռում: Իսկ արդյունավետությամբ, մինիմումը մեկ հեկտարի կտրվածքով արդյունավետությունը բարձրացնում է (բերքի և ծավալի) 3-ից 5 հազար ԱՄՆ դոլարի չափով»,- վստահեցնում է գործարարը:

Նա «Ազատությանը» տրամադրել է տեսանյութ, որում Արմավիրի մարզի Արևիկ գյուղի ֆերմերներից մեկը ներկայացնում է իսրայելական պարարտանյութի հաջողությունը, ասելով՝ «մտնում եմ այգի, տարբերությունն ամբողջությամբ երևում ա, արդյունքն ընտիր ա»:

«Կրեպսոն» ընկերության տնօրենն ասում է, որ իրենց առաջարկը դրական եզրակացության է արժանացել գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի կողմից: Գործարարի խոսքով, ինքը երկու անգամ էլ հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով սկզբնապես դրական է արտահայտվել: Ըստ Երեմյանի՝ իրենց վստահեցրել են, որ պետական սուբսիդավորման համար իրականացվող առաջիկա մրցույթում իրենք լավ հնարավորություններ ունեն: «Մեզ պատասխանել են՝ ձեր գինը և առաջարկն այնպիսին է, որ միանշանակ դուք մասնակցելու եք, և ձեզ մենք ինքներս ենք գտնելու»,- պատմում է գործարարը: Սակայն, ըստ նրա, իրենց ընդամենը երեք ժամ է տրվել գնային առաջարկ ներկայացնելու համար, ինչը այդ ժամանակահատվածում անել հնարավոր չէ:

«Ազատության» հարցմանն ի պատասխան, գյուղատնտեսության նախարարությունից հաղորդեցին, թե «Կրեպսոն» ընկերության կողմից ծրագիր, որպես այդպիսին, նախարարությանը երբևէ չի էլ ներկայացվել, ինչով պայմանավորված՝ գյուղնախարարն այն չէր կարող մերժել կամ հաստատել:

«Կրեպսոն» ՍՊԸ-ն ոչ մի անգամ, չհիմնավորված ծախսերից բացի, չի ներկայացրել ծրագրի ամբողջական իրականացման իր հնարավորությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Մինչ օրս պարարտանյութի որակը հավաստող որևէ փաստաթուղթ, տարբեր մշակաբույսերի վրա համապատասխան փորձարկումների արդյունքում ազդեցության գնահատական և տնտեսական արդյունավետության վերլուծություն կամ տնտեսական ու ֆինանսական համապատասխան հիմնավորումներով հստակ ձևակերպված ծրագիր չի ներկայացվել»,- տեղեկացնում է նախարարությունը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան, նաև նշվում է, որ տարեկան ավելի քան 4 միլիոն դոլարի պետական սուբսիդավորման ծրագրով, ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2016 թվականին, մրցակցային սկզբունքով ընտրվել են «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» ընկերությունները:

«Կրեպսոն»-ի տնօրենը պնդում է, որ ոլորտում առկա է մենաշնորհ: «Փաստաթղթերով ապացուցում է՝ մրցույթ չկա, բայց փաստաթղթեր են մեզ տրամադրում, որ մասնակցելու եք մրցույթին: Բայց գնային այսպիսի տարբերությամբ ընտրվում է մեկ այլ ընկերություն: Սա միայն շեշտում է մենաշնորհի առկայությունը»,- ասում է Արման Երեմյանը:

Գործարարը պատրաստվում է հայց ներկայացնել գյուղնախարարության դեմ: «Գյուղնախարարը և փոխնախարարը խոչընդոտում են, իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով, զրկում են Հայաստանի Հանրապետության գյուղացուն ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ պարարտանյութ օգտագործելու հնարավորությունից»,- հայտարարում է նա:

XS
SM
MD
LG