Մատչելիության հղումներ

Գերմանացի օրենսդիր․ Բունդեսթագը, հավանաբար, կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը


Այս օրերին Հայաստանում գտնվող Գերմանիայի Ձախերի կուսակցության անդամ, Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլզերի համոզմամբ, Բունդեսթագում հունիսի 2-ին քվեարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, ամենայն հավանականությամբ, կընդունվի, սակայն բովանդակային առումով թույլ կլինի։

«Ես կարծում եմ, որ այս բանաձևը այնքան էլ ամբողջական չէ, ինչպես Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը։ Ձախերի կուսակցությունը արդեն 10 տարի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, և լավ է, որ վերջապես ունենք այդ բանաձևը։ Կարծում եմ, որ Գերմանիան այդ որոշման մեջ շատ չի խոսի իր պատասխանատվության մասին։ Նրանք պատրաստվում են ավելի մեղմ բանաձև ընդունել, որպեսզի չնեղացնի Թուրքիային։ Ես կարծում եմ, բանաձևը կընդունվի, սակայն այն շատ ուժեղ չի լինի։ Սակայն դա առաջին քայլը կլինի ճիշտ ուղղությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց գերմանացի պատգամավորը՝ ընդգծելով նաև, թե Գերմանիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև ընդունել իր պատմական մեղսակցությունը։

«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը, որն առաջիկայում Գերմանիայի խորհրդարանում քվեարկության է դրվելու, մշակվել է Քրիստոնեա-դեմոկրատների և քրիստոնեա-սոցիալիստների միության, Կանաչների ու Սոցիալ-դեմոկրատների կողմից։

Ձախերի կուսակցության մեկ այլ անդամ, ազգությամբ թուրք մտավորական Հասան Բուրգուջուօղլուն ևս համոզված է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Գերմանիայի խորհրդարանում կընդունվի։ Նրա կարծիքով, բանաձևի ընդունմանը կարող է խոչընդոտել միայն կանցլեր Անգելա Մերկելը, ով չի ցանկանում վտանգի տակ դնել Թուրքիայի հետ հարաբերությունները․ - «Ես վստահ եմ, որ բանաձևը կընդունվի Բունդեսթագում։ Միայն մեկ մարդ կարող է խանգարել դրան՝ կանցլեր Մերկելը։ Քանի որ վերջին շրջանում վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է Թուրքիայի, Էրդողանի կողքին։ Չնայած Թուրքիայում լուրջ հանցագործություններ են տեղի ունենում, նա Էրդողանին միայնակ չի թողնում։ Ե՛վ մենք, և՛ գերմանացիները դժգոհ ենք այս քաղաքականությունից»:

Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը Բունդեսթագում ներկայացվել էր անցած փետրվարին, սակայն բուռն քննարկումներից հետո այդպես էլ չէր դրվել քվեարկության՝ Թուրքիայի հետ փախստականների հարցով բանակցային գործընթացը չվտանգելու պատճառաբանությամբ։

Կանաչների կուսակցության համանախագահ, օրինագծի հեղինակներից ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը օրերս հայտարարել է, որ բանաձևի ընդունումը Անկարայի հետ հարաբերություններում խնդիր կարող է առաջացնել, սակայն «Բունդեսթագը չի ենթարկվի Էրդողանի պես բռնապետի ճնշումներին»։

Բունդեսթագը 2005 թվականին արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում` չօգտագործելով, սակայն, ցեղասպանություն եզրույթը:

2015 թվականի մարտին, երբ այս հարցը կրկին խորհրդարանի օրակարգում էր, խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերթը հայտարարել էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ևս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողության ժամանակ օգտագործել էր ցեղասպանություն եզրույթը:

XS
SM
MD
LG