Մատչելիության հղումներ

logo-print

«Ռուսարմօյլ» ընկերությունը չի կարողանում Հայաստան ներկրել շուրջ 58 հազար լիտր դիզելային վառելիքը


Բագրատաշենի անցակետը, արխիվ:

Բագրատաշենի անցակետը, արխիվ:

Ընկերության բեռնատարները արդեն 17 օր կանգնած են Բագրատաշենի անցակետում:

Վարորդներից մեկը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մաքսային ծառայության աշխատակիցները փորձանմուշ վերցնելուց մեկ շաբաթ անց պատասխանել են, թե վառելիքը չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին:

«Ես խնդրեցի, որ ստանդարտներին չհամապատասխանելու մասին ինձ փաստաթուղթ տան, բայց մեկ շաբաթից միայն փորձաքննության կրկնօրինակը տվեցին», - փոխանցեց վարորդը՝ հավելելով, որ մաքսավորներից պահանջել է փաստաթղթի հիմքերը, որոնցով կկարողանան թողնել բեռն ու հետ վերադառնալ, սակայն մինչև օրս, բացի հայերեն կրկնօրինակներից, իրեն ոչինչ չեն տրամադրել․ - «Ինձ ոչ ակտ են տալիս, ոչ մի թուղթ էլ չեն տալիս»:

58 հազար լիտր դիզելային վառելիքի համար պատասխանատու վարորդը պնդում է, թե փորձաքննությունն արվել է լուրջ խախտումներով․ - «Փորձանմուշները պետք է վերցնեն միայն լաբորատորիայի մասնագետները, ոչ թե մաքսային ծառայության աշխատակիցները: Եթե անցակետում մասնագետներ չկան, ապա պարտավոր են նրանց կանչել: Դրանից հետո պետք է համապատասխան ակտ կազմեն: Այդ ամենը չի արվել»:

«Ռուսարմօյլ»-ը այս տարի է սկսել նավթամթերքի ներկրումը: Սա ընկերության երկրորդ ներկրումն է, և ընկերության ներկայացուցչի խոսքով, նախորդ անգամ որևէ խնդիր չի եղել․ վառելիքը գնել են նույն մատակարարից, հասցրել են Հայաստան ու իրացրել:

«Մարտին Ռուսաստանում անցկացված փորձաքննության մասին փաստաթղթեր ունեի, որ ապրանքը համապատասխանում է երկու երկրների օրենսդրությանը, և դրանց հիման վրա ես սահմանն անցել եմ ընդամենը 15 րոպեում», - ասաց վարորդը՝ հավելելով, որ այս անգամ ևս ներկայացրել է նույն փաստաթուղթը, սակայն նույնը չի եղել մաքսային ծառայության աշխատակիցների վերաբերմունքը: Վերջիններս ասել են, թե չեն վստահում այս փորձաքննությանը և պետք է անցկացնեն սեփական փորձաքննությունը:

Ընկերության պատասխանատուները դիմել են Հայաստանի վարչապետին, պատկան մարմիններին և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն: Այժմ սպասում են պատասխանի:

XS
SM
MD
LG