Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնարկում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և ջութակի հանրապետական փառատոնը


Ամենամյա այս փառատոնը հիմնադրել են անվանի թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանը և դաշնակահարուհի Ջուլիետտա Վարդանյանը:

Այս տարի փառատոնը կբացվի մայիսի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Փառատոնի բացման համերգին հանդես կգան դաշնակահար Դմիտրի Նովգորոդսկին (ԱՄՆ), ջութակահար Անի Աղաբեկյանը (Գերմանիա), «Արս Լունգա» դուետը (Արամ Թալալյան և Ջուլիետտա Վարդանյան), այլ մենակատարներ: Նրանք կկատարեն Մոցարտի, Շումանի, Բարտոկի, Շոստակովիչի ստեղծագործությունները:

Փառատոնի շրջանակում կտրվի 5 համերգ՝ երկու շաբաթը մեկ պարբերականությամբ: Բոլոր համերգների ընթացքում հանդես կգան թե՛ հայաստանցի, թե՛ արտասահմանից ժամանած մենակատարներ:

Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան նաև 12-13 տարեկան շնորհալի պատանի թավջութակահարներ:

Փառատոնի գեղավեստական ղեկավար Արամ Թալալյանի և տնօրեն Ջուլիետտա Վարդանյանի խոսքով, այս տարի փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն բազմաթիվ երիտասարդ շնորհալի կատարողներ, ովքեր ոչ միայն հանդես կգան նոր ստեղծագործությունների կատարմամբ, այլև կնչեցնեն դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ՝ գրված ալտի և թավջութակի համար:

Առանձին համերգներով կնշանավորվեն նաև հայ մեծ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյա հոբելյանները: Կնշվի նաև Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևի 70-ամյա հոբելյանը:

Տարիներ առաջ, երբ նոր էր բացվում փառատոնը, հիմնադիրները շեշտում էին, որ նպատակ ունեն ոչ միայն տարածել Հայաստանում ալտի և թավջութակի հանդեպ սերը հատկապես մարզային երաժշտական դպրոցներում, այլև օգնել տեղի երիտասարդ կատարողներին հանդես գալ ոչ միայն մարզերում, այլև մայրաքաղաքի բեմերում:

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե 7-րդ փառատոնի շեմին ի՞նչ արդյունքներ են գրանցել փառատոնի կազմակերպիչները, արդյո՞ք ինչ-որ չափով կարողացել են իրագործել իրենց նպատակները, Արամ Թալալյանը պատասխանեց․ - «Այո: Բավական մեծ առաջադիմություն տեղի ունեցավ: Նախ և առաջ Մշակույթի նախարարության շնորհիվ գործիքներ ձեռք բերվեցին, պստիկ գործիքներ, որպեսզի երեխան սովորի և՛ մարզերում, և՛ Երևանում: Բացի դրանից, թավջութակը դարձավ պետպատվեր գործիք․ դա նշանակում է, որ թավջութակի դասարան եկող երեխաները չեն վճարում»:

XS
SM
MD
LG