Մատչելիության հղումներ

logo-print

Բաղդասարյան. Տարածքների մասին նախագահի հայտարարությունների միջև հակասություն չկա


Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարն առաջարկում է մաթեմատիկական հաշվարկ անել։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է՝ կորցրած տարածքների հետ կապված նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների միջև որևէ հակասություն չկա:

Հիշեցնենք, ապրիլի 4-ին ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայկական կողմի կորցրած տարածքներին, Սերժ Սարգսյանն ասել էր, թե որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել՝ «այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում է և մի փոքրիկ հատված էլ հյուսիսում»: «Ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները», - ասել էր նախագահը։

Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո երեկ Հայաստան վերադարձի ճանապարհին Սերժ Սարգսյանը, կրկին անդրադառնալով կորցրած տարածքներին, մեկ այլ տվյալ հրապարակեց․ - «Հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ»։

«Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է 200-300 մետրը վերածվել 800 հեկտարի, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարն առաջարկեց հետևյալ հաշվարկն անել. - «200-300 մետրը, դա քառակուսուն չի վերաբերվել, եթե 200-300 մետրը մաթեմատիկորեն բազմապատկեք, կհասնեք այդ 800 հեկտարին, իսկ 800 հեկտարն այն տարածքը չէ, որի մասին մենք 800 հազար հեկտարի հետ համեմատենք և խոսենք այդ մասին։ Եթե երկայնքով հաշվես 200-300 մետրը և խորությամբ բազմապատկես իրար, կստանաս 800 մետր»:

Նշենք, որ, անդրադառնալով հայկական կողմի կորցրած 800 հեկտարին, Սերժ Սարգսյանն ասել էր, թե ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն: - «Արդյո՞ ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35, 40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու», - նշել էր նա:

Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը, ով մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Ֆիզուլիի մարտերին, հակադարձում է՝ այդ տարածքները շատ կարևոր են և դրանք հետ չվերցնելը կոպիտ սխալ է։

«Այդ կորցրած դիրքերը ոչ միայն ստրատեգիական նշանակության են, այլ բարոյահոգեբանական առումով դրանք մեծ դեր ունեն։ Զինվորական զոհ ենք ունեցել, և սա դեռ բոլորը չէ, շարունակվում է Թալիշ գյուղը մնալ թշնամու կրակակետի տակ։ Եվ հետ չվերցնելն այդ դիրքերի, կարծում եմ, կոպիտ սխալ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադասյանը։

Հակադարձելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկմանը, թե չարժե 800 հեկտարի համար զոհել ևս 35 կամ 80 հայրենասեր տղաների, ազատամարտիկը ընդգծում է՝ նախօրոք մատնանշելով զոհերի մասին, չի կարելի վախեցնել սեփական ժողովրդին ու բանակին:

«Իսկ միգուցե մենք դա վերցնելու ենք առանց զոհերի: Ո՞վ է չափել նախօրոք զոհերի թիվը: Իհարկե, մենք պետք է մտածենք, որ կարող ենք նաև զոհեր ունենալ, բայց եթե մենք այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն չպիտի պաշտպանվենք, պետք է անընդհատ աղերսենք խաղաղություն և զիջումների գնանք: Սա սխալ մոտեցում է, և կարելի է ասել՝ քաղաքականապես հոգնած մտածելակերպ է սա», - նշեց Բադասյանը:

Մինչդեռ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատում է Սերժ Սարգսյանի խոսքերը՝ չարժե այդ տարածքների համար նոր զոհեր տալ:

Ի պատասխան «Ազատության» դիտարկման, թե դրա հետևանքով կորցրել ենք Թալիշ գյուղը, մարդիկ չեն կարողանում վերադառնալ, որովհետև թիրախում են հայտնվել այդ դիրքերը կորցնելու պատճառով, Բաղդասարյանը հայտարարեց․ - «Թալիշ գյուղը մեր հսկողության տակ է, և իրադարձությունների զարգացումից հետո նորից Թալիշի բնակիչները կվերաբնակեցվեն: Անկախ այդ դիրքերից միշտ վտանգի տակ էր, և Թալիշ գյուղը միշտ հնարավոր էր հրետակոծել ցանկացած ժամանակ: Եվ ոչ միայն Թալիշ գյուղը․ մենք ունենք նմանատիպ գյուղեր, որոնք հնարավոր են, որ թշնամու կողմից հրետակոծվեն: Նույնպիսի գյուղեր ունեն նաև ադրբեջանցիները»:

«Ազատության» հարցին՝ անհրաժեշտություն կա՞ այդ տարածքները հետ վերցնելու, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց․ - «Մեզ համար յուրաքանչյուր զոհի կյանքը շատ թանկ արժե: Եվ ես չեմ կարծում, որ մենք արժե դրա համար էլի զոհեր տանք»:

Դիտարկմանը, թե այդ տարածքները 90-ականներին նույնպես նույնպես զոհերի գնով էին վերցվել, Բաղդասարյանը հակադարձեց․ - «Բա ի՞նչ եք առաջարկում, նորից մենք գնա՞նք այդ պատերազմական գործողությունների: Միշտ նման տեղաշարժեր հնարավոր են: Եթե մենք հաշվարկենք, որ արդյունքը արդարացված կլինի, չի բացառվում, որ նման երևույթներ հետագայում լինեն»:

XS
SM
MD
LG