Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Հուսով ենք՝ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի միջազգային հանրության սպասելիքները


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում միջազգային համաժողովում, արխիվ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում միջազգային համաժողովում, արխիվ

Հայաստանը կիսում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի վերաբերյալ, ըստ որի՝ ժողովրդավար երկրները քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն։ Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր Սոֆիայում ելույթ ունենալով Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստում:

«Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում», - շարունակել է Նալբանդյանը՝ ընդգծելով․ - «Նման իրավիճակի ականատեսը դարձանք այս տարվա ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ եղան, տեղի ունեցան միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»։

«Ապրիլի սկզբին ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները քննարկվեցին երկու օր առաջ Վիեննայում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարը, ովքեր ներկայացնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը: - «Իրենց համատեղ հայտարարության մեջ համանախագահող երկրները շեշտեցին 1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Այս ամենը կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար»:

«Մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG