Մատչելիության հղումներ

logo-print

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով, հանդիպումը ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը վերակենդանացնելու հնարավորություն է տալիս:

Ստեփանակերտում կարևորում են նաև այն փաստը, որ կողմերը վերահաստատել են՝ 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը պետք է պահպանվի:

«Ի դեպ՝ այդ պայմանագրերին 94-95 թվականին, որպես լիարժեք կողմ մասնակցում է նաև Արցախի Հանրապետությունը: Սա նշանակում է, որ և՛ ուղղակի, և՛ անուղղակի ձևով միջազգային հանրությունը ճանաչում է նաև Արցախի Հանրապետությանը, որպես հակամարտության կողմ: Չափազանց կարևոր է, իհարկե, նաև այն, որ առանձնակի շեշտ է դրվում խաղաղության և կայունության պահպանման վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը:

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կարևորում է նաև սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը․ - «Եթե, օրինակ, այս մեխանիզմները սկսեն մշակվել և ներդրվել, առանց Արցախի մասնակցության անհնարին է դա իրականացնել: Ի վերջո այդ սարքավորումները, որ պետք է դրվեն, ո՞վ պիտի դա իրականացնի: Մեր տեղը չի կարող դա իրականացնել Շվեյցարիան կամ Զիմբաբվեն: Հետևաբար, ուզում է դա Ադրբեջանը, թե չի ուզում՝ այդ գործընթացին Արցախը մասնակից է լինելու»:

Ղարաբաղի ընդդիմությունը երեկվա հանդիպման արդյունքները թերահավատությամբ է ընդունում: Պատգամավոր Հայկ Խանումյանն ասում է, որ նման տասնյակ համաձայնություններ են ձեռք բերվել, բայց ոչ մեկը չի իրագործվել:

«Հանդիպող կողմերը միմյանց նկատմամբ մեծ վստահություն չունեն, և ընդհանուր առմամբ մեծ վստահություն չկա ողջ գործընթացի վերաբերյալ: Պետք է նշեմ՝ իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Արցախում նույնպես մեծ վստահություն չկա հանդիպող կողմերի, ինչպես նաև միջնորդներից որևէ մեկի նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց պատգամավորը:

Խանումյանի կարծիքով, ավելի արդյունավետ կլինի, եթե Մինսկի խմբի համանախագահող երկրները անմիջականորեն Ղարաբաղի հետ համագործակցեն: Սա, նրա համոզմամբ, դրական արդյունք կտա:

XS
SM
MD
LG