Մատչելիության հղումներ

Խաղողագործները սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել


Քաղցրաշենցի խաղողագործներին վարչապետի տված խոստումը չիրականացավ․ նրանք դեռ չեն ստացել անցած տարվա հոկտեմբերին մթերված խաղողի գումարը։

Արարատի մարզի Քաղցրաշեն ու հարակից գյուղերի տասնյակ բնակիչները այսօր իրենց գումարները ստանալու պահանջով նորից կառավարության շենքի մոտ էին եկել, սակայն նրանց այդպես էլ պատասխան չտրվեց։

«Ապրիլի 21-ին իրանք խոսք տվին մինչև մայիսի 10-ը էդ գումարը տան, ապրիլի 21-ին բերին 19 միլիոն բաժանեցին՝ Այգեպատ, Այգեզարդ բերին բաժանեցին, ասեցին մինչև մայիսի 10-ը: Վարչապետը խոսք տվեց, էդ Ավոյի հետ՝ մթերողի հետ, 10-ն եկավ անցավ՝ ոչ մի գումար չեն տվել», - պատմում էին ցուցարարները:

«Վինար» ընկերության կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործներին ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք։ Գյուղացիների խոսքով, խաղողը մթերել են նույնիսկ կիլոգրամը 30-50 դրամով։

«Իմ ընդհանուր եկամուտը կազմել է երեք տոննա խաղող, 50 դրամով են վերցրել՝ 161,000 փող ա անում: 9 ամիս ա՝ ես չարչարվել եմ էդ հողի վրա, ամբողջ ընտանիքով, մինչև հիմի մի կոպեկ փող չեմ ստացել: Ո՞նց եմ պահում ես իմ ընտանիքը, թող պատասխան տան, մեկը թող գա պատասխան տա», - դժգոհում էր խաղողագործներից մեկը:

Կառավարության մոտ հավաքված գյուղացիները վարկերի ու հարկերի թղթերն էին ցույց տալիս։ Ասում էին՝ դեկտեմբերին նույնիսկ նախագահին են նամակ գրել, բայց նամակն անպատասխան է մնացել։ Մինչդեռ հիմա գումար չունեն գյուղատնտեսական աշխատանքները շարունակելու համար։

Կառավարության մոտ հավաքված գյուղացիներն այսօր նշում էին, որ եթե մոտ օրերին հարցը չլուծվի իրենք ծայրահեղ քայլերի կդիմեն։ Քաղցրաշենցիները որոշել են որպես բողոքի նշան վաղը երեխաներին դպրոց չթողնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG