Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Մենաշնորհների դեմ պայքարի հերթական իմիտացիային ենք ականատես լինելու


Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, արխիվ:
Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, արխիվ:

Արդեն 16 տարի գործող Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնական նպատակը մրցակցության հավասար պայմանների ապահովումն է, սակայն Էկոնոմիկայի նախարարությունը մրցակցային պայմանների խախտումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով դիմել է քաղաքացիներին, ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին:

Ընդ որում, այդ նպատակով նախարարությունը հատկացրել է ընդամենը չորս օր՝ մինչև մայիսի 20-ը, և հայտնի չէ՝ արդյոք նշված ժամկետից հետո նախարարությանը հետաքրքրելո՞ւ են նման դեպքերի մասին տեղեկությունները, թե՞ ոչ:

Կառավարությունից դարձյալ պնդում են՝ տեղեկությունները ուղարկել էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետհանձնաժողովն ու Էկոնոմիկայի նախարարությունը գտնվում են նույն շենքում, և նախարարության աշխատակիցները պարզապես կարող են հինգ րոպեում հասնել հանձնաժողով, ուստի պարզ չէ՝ հանձնաժողովում չկա՞ն նման տեղեկություններ, թե՞ նախարարությանը չեն բավարարում հանձնաժողովում առկա տեղեկությունները:

Այս հարցերի պատասխանը այսօր «Ազատությունը» փորձեց ստանալ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանից, ով ասաց․ - «Կառավարության վերջին նիստի ժամանակ հանրապետության վարչապետի կողմից հանձնարարական եղավ Էկոնոմիկայի նախարարությանը մրցակցային միջավայրի գործող պայմանների, ընդհանուր առմամբ այդ ոլորտում անելիքների և քաղաքականության տեսանկյունից մշակել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել կառավարությանը: Դա այն առաջարկությունների հավաքելն ու ամփոփելն է, որը որ վերաբերում է մրցակցային պայմաններին և միջավայրի բարելավմանը»:

Հարցին, թե տարօրինակ չէ՞ արդյոք, որ 16 տարի գործող Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և կառավարությունը դիմում են զանգվածային լրատվամիջոցներին ու անհատ քաղաքացիներին՝ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, Մելքոնյանն արձագանքեց․ - «Ամենատարբեր ոլորտներում վիճակի բարելավումը շարունակական գործընթաց է: Եթե Դուք վերցնեք վերջին տարիների գործընթացը, կտեսնեք, որ և՛ օրենսդրական, և՛ կիրառման պրակտիկայի տեսանկյունից տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն «Ազատության»-ն ասաց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն, ակտիվորեն համագործակցում են Էկոնոմիկայի նախարարության հետ՝ տեղեկատվություն փոխանակելով․ - «Մենք քաղաքացիների օգնությանը չենք պատրաստվում դիմել, քանի որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը տարիներ շարունակ կատարել է ուսումնասիրության, իրավիճակին լիովին տիրապետում է և հավելյալ տեղեկատվության կարիք այս պահին հանձնաժողովը չունի»:

Սահակյանը չցանկացավ մեկնաբանել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունը․ - «Թեև ես ինքս էլ տեղյակ եմ, կարդացել եմ, բայց երևի մեկնաբանության համար իրենց դիմեք»:

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը բազմիցս հանդես է եկել հայաստանյան օլիգարխների և նրանց կողմից մրցակցության պայմանները խախտելու մասին հրապարակումներով, որոնք, ինչպես ասաց «Ազատության» հետ զրույցում, գերազանցապես անուշադրության են մատնվել պետական մարմինների կողմից․ - «Եթե Էկոնոմիկայի նախարարությունը ուզում է իմանալ մոնոպոլիայի դեպքերի մասին, որոնք խեղաթյուրում են, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, Հայաստանի տնտեսական դաշտը, ապա Էկոնոմիկայի նախարարությանը բավարար էր ընդամենը մի քանի շաբաթվա թերթեր, կայքեր»:

Գևորգյանի խոսքով, Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունը ընդամենը վկայում է, որ մենաշնորհների դեմ պայքարի հերթական իմիտացիային ենք ականատես լինելու: Դա հասկանում են բոլորը, ուստի դժվար թե որևէ մեկը լուրջ վերաբերվի հայտարարությանը և նախարարությանը տեղեկացնի այս կամ այն մոնոպոլիստի չարաշահումների մասին․ - «Բայց կարծում եմ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կներկայացնի փաստեր, որ Հայաստանում մենաշնորհները չեն խեղաթյուրում տնտեսական դաշտը, և որևէ խնդիր Հայաստանում մոնոպոլիաները չեն ստեղծում»:

2013 թվականի նոյեմբերին Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:

XS
SM
MD
LG