Մատչելիության հղումներ

«Առանց կայուն խաղաղության երաշխիքի տարածքների վերադարձ չի լինի»


Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, Վիեննա, 16-ը մայիսի, 2016թ.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, Վիեննա, 16-ը մայիսի, 2016թ.

Վիեննայի հանդիպումը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։

Ռուսաստանյան Ведомости պարբերականը նշում է, որ նախագահները վերահաստատել են հանձնառությունը հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կողմերը պայմանավորվել են տեղեկություններ փոխանակել անհետ կորածների մասին։ Բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա հունիսին։

The Washington Times-ը հաղորդում է, որ չնայած չափազանց լարված կացությանը` Վաշինգտոնը և Մոսկվան համատեղ ջանքերով փորձում են նպաստել «սառեցված» համարվող հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ, հանդիպման առաջնահերթ նպատակն էր մեղմել լարվածությունը, որն առաջացել է ապրիլյան բախումների հետևանքով։

Պետական դեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին Վաշինգտոնում ասել է, որ Վիեննայի հանդիպման ընթացքում պետքարտուղար Ջոն Քերրին կողմերին կառաջարկի վստահության վերականգնմանն ուղղված միջոցմներ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է վերսկսել հարցի համապարփակ կարգավորման բանակցությունները։

«Ռուսաստանին զրկում են նախաձեռնությունից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում» վերնագրած վերլուծականում Независимая газета-ի մեկնաբան Յուրի Ռոկսը գրում է, թե Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին համոզված էր, որ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Վիեննայում։

Երևանում ըմբռնում են, որ Ղարաբաղի ճանաչումը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն։ «Խոսակցությունները բանակցությունների մասին անիմաստ են, քանի դեռ չկա հրադադարի ապահովում», - ասել էր Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Ըստ Независимая газета-ի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է, թե Ադրբեջանը ձգտելու է վերականգնել տարածքային ամբողջականությունը և վրեժ է լուծել զոհված զինվորների համար։

Հայկական կողմը մտադիր չէ Ադրբեջանին փոխանցել բուն Ղարաբաղի շուրջը գրաված շրջանները, քանի դեռ չկա կայուն խաղաղության երաշքիք։ Այդ տարածքները Ղարաբաղի համար անվտանգության գոտի են։ Զինվորականների համոզմամբ, այդ հարցում հայերի վճռականությունը միանգամայն հասկանալի է, քանի որ հրաժարումն անվտանգության գոտուց ադրբեջանցիներին կընձեռի գրեթե անարգել ռազմական արշավով Ղարաբաղ ներխուժելու հնարավորություն։

Вести լրատվական կայքը վկայակոչէլ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ով ասել է, թե կա պայմանավորվածություն հրադադարը հաստատել համաձայն 1994 և 95 թվականների փաստաթղթերի։

Ռուսաստանի արտգործնախարարին է վկայակոչել նաև Московский комсомолец-ը՝ գրելով, թե, ըստ Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները մշակելու են միջոցներ, որոնք թույլ կտան քննել խախտումները շփման գծում։

Deutsche Welle գերմանական ռադիոկայանի փոխանցմամբ, ԵԱՀԿ-ն պետք է արագ ավարտին հասցնի հրադադարի դիտարկման մեխանիզմի մշակումը։

Euronews լրատվական հեռուստակայանի փոխանցմամբ, Վիեննայի բանակցություններում «ի հայտ է եկել փոխզիջման տրամադրություն»․ - «Դա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումն էր կոնֆլիկտի ապրիլյան աննախադեպ սրացումից հետո։ Կողմերը պատրաստ են նոր հանդիպում անցկացնել հունիսին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG