Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները Բաքվին կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալներին մինչև Formula 1-ը


Ադրբեջան - Բաքվում նախապատրաստվում են Formula 1-ի անցկացմանը, մայիս, 2016թ․

Ադրբեջան - Բաքվում նախապատրաստվում են Formula 1-ի անցկացմանը, մայիս, 2016թ․

«Սպորտը հանուն իրավունքների» կոալիցիան դիմել է նաև հեղինակավոր մրցումների կազմակերպիչներին:

Արևմտյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ միավորող «Սպորտը հանուն իրավունքների» կոալիցիան կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել երկրի կալանավայրերում գտնվող ակտիվիստներին և լրագրողներին: Իրավապաշտպանները այդ քայլի իրականացման համար նաև հստակ վերջնաժամկետ են առաջ քաշում` հունիսի 17-ը` Formula 1-ի եվրոպական «Գրան պրի»-ի Բաքվի մրցումների մեկնարկը:

«Սպորտը հանուն իրավունքների» կոալիցիային մաս կազմող կառույցներից մեկի` Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ջեյն Բյուքենենը համոզված է, որ միջազգային հանրությունից բացի, ադրբեջանական իշխանությունների վրա ճնշումներ պետք է գործադրեն նաև հենց իրենք` հեղինակավոր մրցումների կազմակերպիչները:

«Formula 1-ի ղեկավարությունը լուրջ հնարավորություն ունի՝ Բաքվում կայանալիք «Գրան պրի»-ին ընդառաջ ճնշում գործադրել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով: Եթե դա տեղի չունենա, կնշանակի՝ մրցումների կազմակերպիչները հանդուրժում են, որպեսզի ադրբեջանական իշխանությունները, մի կողմից, միջազգային միջոցառումների հաշվին ամրապնդեն սեփական հեղինակությունը, մյուս կողմից էլ՝ լռեցնեն իրենց քննադատներին` առանց որևէ հետևանքի», - նշում է Human Rights Watch-ի ներկայացուցիչը:

Իրավապաշտպանները կոչեր հնչեցնելով չեն սահմանափակվել, նաև բաց նամակ հղելով Formula 1-ի գործադիր տնօրեն Բերնի Էքլսթոունին: Աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկի կազմակերպչին իրավապաշտպանները կոչ են անում հրապարակայնորեն անդրադառնալ և քննադատել Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ ստեղծված կացությունը:

«Մենք պահանջում ենք, որպեսզի Formula 1-ի կազմակերպիչները Ադրբեջանի իշխանություններից պահանջեն առանց որևէ նախապայմանի ազատ արձակել բանտերում անօրինականորեն գտնվող լրագրողներին և ակտիվիստներին` այդ թվում [լրագրող] Խադիջա Իսմայիլովային, [REAL շարժման ղեկավար] Իլգար Մամեդովին, լրագրող Սեյմուր Հազիին և բլոգեր Իլքին Ռուստեմզադեին», - ասված է բաց նամակում:

Բացի այդ, «Սպորտը հանուն իրավունքների» կոալիցիան մրցաշարի կազմակերպիչներից պահանջում է, որպեսզի Բաքվի «Գրան պրի»-ին հավատարմագրված արևմտյան լրագրողների առջև խոչընդոտներ չհարուցվեն` այլ թեմաների լուսաբանման ընթացքում:

«Եթե Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ամրապնդել իրենց միջազգային վարկը` հյուրընկալելով համաշխարհային նշանակություն ունեցող մարզական միջոցառումները, ուրեմն, դրա հետ մեկտեղ նրանք պետք է հարգեն իրենց իսկ ստանձնած պարտավորությունները` թույլ տալով, որպեսզի անկախ մամուլն ու ակտիվիստները ազատորեն արտահայտեն իրենց կարծիքը, անգամ եթե այդ կարծիքը կառավարության տեսակետին չի համընկնում», - նշում է «Սպորտը հանուն իրավունքների» կոալիցիայի համակարգող Ռեբեքա Վինսենթը:

Պաշտոնական Բաքուն, սակայն, արևմտյան իրավապաշտպանների այս կոչերի հանդեպ ակնհայտորեն անտարբեր է: Դրա ամենավառ ապացույցը անցած շաբաթ Հեյդար Ալիևի հուշարձանը պղծած բաքվեցի երկու ակտիվիստների` Գիաս Իբրահիմովի ու Բայրամ Մամեդովի ձերբակալությունն էր: Ադրբեջանական ոստիկանությունը նրանց մեղադրում է թմրանյութերի վաճառքի մեջ: Երեկ, սակայն, հրապարակվել է ձերբակալված ակտիվիստներից մեկի` Բայրամ Մամեդովի` կալանավայրից ուղարկած նամակը, որում նա պնդում է, որ բերման ենթարկվելուց անմիջապես հետո իր նկատմամբ ոստիկանությունում դաժան բռնություններ են գործադրվել, որոնց արդյունքում մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը:

«Մի քանի ժամ տևած ծեծից հետո ինձ տարան ոստիկանության մի գեներալի մոտ, ով ինձ ասաց, որ եթե ես ծաղիկներ դնեմ Ալիևի հուշարձանի պատվանդանին, հարցազրույց տամ AzTV հեռուստաընկերությանը և ներողություն խնդրեմ հուշարձանից, ինձ ազատ կարձակեն: Երբ հրաժարվեցի, ինձ կրկին տարան բանտախուց և շարունակեցին ծեծել», - պատմել է ադրբեջանցի ակտիվիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG