Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց ՀՔԱՎ-ի հայցն ընդդեմ կառավարության


Վարչական դատարանի շենքը Երևանում

Վարչական դատարանի շենքը Երևանում

Գրասենյակը կառավարությունից պահանջել էր տրամադրել1992 թվականից մինչ օրս վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց թիվն ու անունները։

Այսօր վարչական դատարանը մերժեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի հայցը ընդդեմ կառավարության։

Գրասենյակը կառավարությունից պահանջել էր տրամադրել 1992 թվականից մինչ օրս վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց թիվն ու անունները։

Իրավապաշտպան կազմակերպությունը կառավարությունից նաև պահանջել էր նշել, թե զենքի ի՞նչ տեսակներով են պարգևատրվել այդ անձինք՝ ծառայողակա՞ն, մարտակա՞ն, թե՞ քաղաքացիական։ Սակայն կառավարությունը տեղեկություն էր տրամադրել միայն զենքի քանակի մասին՝ ըստ տարիների, պատճառաբանելով, որ զենքով պարգևատրելու վարչապետի որոշումները հրապարակման ենթակա չեն։

Հայցվոր կազմակերպության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանն ասաց, որ դատարանի վճիռը մտադիր են բողոքարկել։ «Մեր դիրքորոշումը նույնն է, որ ոստիկանությունը պարտավոր էր տրամադրել նշված տեղեկատվությունը, և այն չտրամադրելը հանգեցրել է կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքի խախտման», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիրադեղյանը։

Դատաքննության ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավաբան Արայիկ Զալյանը բազմիցս ընդգծել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով՝ անձի անուն-ազգանունը հանրամատչելի տեղեկություն է, և որ պետական բյուջեի հաշվին պարգև ստացող անձի անունը չի կարող գաղտնիք հանդիսանալ։

Սակայն կառավարության ներկայացուցիչը հակառակն էր պնդում, թե դրանք անձի մասին տեղեկություններ են և պետք է տրամադրվեն միայն անձի թույլտվության դեպքում։

Արայիկ Զալյանը մատնանշում է լրատվամիջոցներում առկա բազմաթիվ հրապարակումներ վարչապետի կողմից այս կամ այն անձանց զենքով պարգևատրելու մասին։ Այդ հրապարակումներում հստակ նշվում են նաև նրանց անունները։ Սակայն դատարանը սա հաշվի չի առել։

«Ընդհանրապես տրամաբանություն չկա տեղեկատվությունը գաղտնի պահելու, հատկապես այն դեպքում, երբ որ բոլորիս հայտնի է, որ այսինչյան այսինչը պարգևատրվեց այսինչ զենքով և այլն։ Խտրական վերաբերմունք է՝ ո՞նց է, որ մի պաշտոնատար անձի պարգևատրման դեպքում հրապարակային է, իսկ մյուսինը գաղտնի է։ Ուղղակի քաղաքական կամք է, որ այդ տեղեկատվությունը որքան հնարավոր է գաղտնի պահել և վերջ», - ասաց Զալյանը։

Դատաքննության ընթացքում կառավարության ներկայացուցիչը, որն, ի դեպ, ոստիկանության իրավաբանական վարչության տեսուչ է, նշում էր, որ պատրաստ են տեղեկություն տրամադրել զենքերի տեսակների վերաբերյալ, սակայն այդ մասին տվյալներն այդպես էլ դատարան չբերվեցին։

ՀՔԱՎ գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը տարօրինակ է համարում, որ չնայած պատասխանողի պնդումներին՝ դատարանն ամբողջությամբ մերժեց իրենց հայցը: «Այսինքն՝ կառավարության ներկայացուցիչը չի դիտարկում, որ տվյալ տեղեկատվությունը գաղտնի է, ես իմ պահանջը մինչև վերջ դատարանում պնդում եմ, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ և գալիս է, որոշում է կայացնում հայցադիմումն ամբողջությամբ մերժելու մասին», - ասաց իրավաբանը։

Կառավարության կողմից Հելսինկյան գրասենյակի մասնակի ստացած տեղեկատվության համաձայն՝ 90-ականներից մինչ օրս զենքով պարգևատրվել է մոտ 450 մարդ։

Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչն ասում է՝ հետամուտ են լինելու ի վերջո պետական միջոցների հաշվին տրվող պարգևատրումների մասին լիարժեք տեղեկությունը հասցնելու հանրությանը։ «Եթե այդ տեղեկատվությունը թաքցվում է հասարակությունից, կարող ենք ենթադրել, որ դրա տակ կա կոռուպցիա, դրա տակ կա անհասկանալի ինչ-որ մի բան, որի արդյունքում և՛ դատարանները, և՛ համապատասխան տեղեկությունների տիրապետողները տեղեկատվությունը հանրամատչելի չեն դարձրել», - ասաց Զալյանը։

XS
SM
MD
LG