Մատչելիության հղումներ

Հետաքննությունն ու որակյալ լրագրությունը «Ռուսաստանում այլևս տեղ չունեն»


РБК մեդիահոլդինգի շենքը Մոսկվայում

РБК մեդիահոլդինգի շենքը Մոսկվայում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ РБК-ի գրավումը քաղաքական դրդապատճառներ ունի։

РБК-ի շուրջ իրադարձությունները մտահոգիչ ահազանգ են Ռուսաստանում գործող անկախ լրատվամիջոցների համար։

Ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովին պատկանող РБК լրատվամիջոցի երեք գլխավոր խմբագիրները՝ Ելիզավետա Օսետինսկայան, Ռոման Բադանինը, Մաքսիմ Սոլյուսը անցած ուրբաթ լքեցին իրենց պաշտոնները, ինչպես վերլուծաբաններն են նկատում՝ ակնհայտորեն Կրեմլի ճնշումների ներքո։

Թերթը դարձել է Կրեմլի հերթական ցասման զոհը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքի ու ընկերների մասին մանրամասների հաճախակի դարձած հրապարակումների պատճառով։

Վերջին սկանդալը հասունացավ անցած չորեքշաբթի, երբ թերթը հրապարակեց մի հոդված, որում հաղորդում էր, որ Սև ծովի ափերից մեկում Պուտինի համար կառուցված «Ռոկոկո» ոճի հսկայական դղյակի կառավարման հետ կապ ունեցող անձը թանկարժեք ծովամթերք բուծելու արտոնագիր է ստացել։

Դրանից մի քանի շաբաթ առաջ էլ, պարբերականը հոդված էր հրապարակել թավջութակահար և Պուտինի մտերիմ Սերգեյ Ռոլդուգինի մասին, ով Պանամական փաստաթղթերի «հերոսներից» է։

Իսկ ավելի վաղ թերթը է՛լ ավելի վտանգավոր քայլերի էր դիմել՝ հրապարակելով մանրամասներ Պուտինի ընտանիքի, մասնավորապես փեսայի՝ Կիրիլ Շամալովի մասին, ով նաև Պուտինի մտերիմ ընկերոջ որդին է։ Այս հրապարակումներին զուգահեռ՝ մեդիահոլդինգը հանկարծակի դարձավ իրավապահների համար կասկածելի օբյեկտ։

Ապրիլի 14-ին նախ Պրոխորովին պատկանող ОНЭКСИМ ընկերության գլխավոր գրասենյակում խուզարկումներ տեղի ունեցան։ Իսկ մայիսի 11-ին արդեն հաղորդվեց, որ РБК մեդիահոլդինգի դեմ քրեական գործ է հարուցվել՝ մեքենայության հատկանիշներով։ РБК-ի ղեկավարության համոզմամբ, Կրեմլի համբերության բաժակը լցվեց մասնավորապես Պուտինի դղյակի մասին հոդվածից հետո։

Ըստ ռուսաստանյան մամուլի, Կրեմլը պնդել է որ մեդիահոլդինգի ղեկավարությունը հեռացնի թերթի երկու գլխավոր խմբագիրներին։ Օսետինսկայայի և Բադանինի հեռացմանը հաջորդեց խմբագրության գրեթե ողջ անձնակազմի հայտարարությունը, որ իրենք ևս դադարեցնում են իրենց գործունեությունը։

Վերլուծաբաններից շատերի համոզմամբ՝ Պրոխորովին կստիպեն վաճառել ընկերությունը Կրեմլին մոտ կանգնած ինչ-որ մեկին, ով լրատվամիջոցը կվերածի հերթական քարոզչամեքենայի։ Կրեմլը բազմիցս հերքել է մեղադրանքները, թե իր ճնշմամբ է տեղի ունենում РБК-ում կադրային ջարդը։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, սակայն, տարածած հայտարությամբ պնդում է՝ РБК-ի գրավումը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ թերթի գլխավոր խմբագիրներին հեռացնելը ծանր հարված է Ռուսաստանում անկախ լրագրությանը։

«Ստիպված ենք արձանագրել, որ հետաքննությունն ու որակյալ լրագրությունը Ռուսաստանում այլևս տեղ չունեն։ Լայնածավալ կոռուպցիան և իշխանությունների այլ ապօրինի գործողությունները, ըստ ամենայնի, դարձել են առավել պահպանվող պետական գաղտնիք», - ասված է լրագրողական կազմակերպության հայտարարությունում։

Զանգվածային լրատվամիջոցների դիտարկման «Մեդիալոգիա» համակարգի տվյալներով՝ ներկայում РБК-ն զբաղեցնում է Ռուսաստանի ամենավկայակոչվող առցանց պարբերականների առաջին հորիզոնականը։

Մայիսի 13-ին հեռացված խմբագիրների գլխավորությամբ թերթի անձնակազմը հեղինակել է մի շարք աղմկահարույց հետաքննություններ՝ ինչպես Պուտինի ենթադրյալ դստեր ղեկավարած Մոսկվայի Պետական համալսարանի ընդլայնման ծրագրերի, այնպես էլ Սիրիայի պատերազմում ծախսված գումարների, Ռուս ուղղափառ եկեղեցու փողերի մասին։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ամենամյա վարկանիշում, այս տարվա արդյունքներով, Ռուսաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 148-րդը։

XS
SM
MD
LG