Մատչելիության հղումներ

logo-print

Բունդեսթագում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը


Կանաչների համանախագահ Ջեմ Օզդեմիրը պատասխանում է «Ազատության» հարցերին, արխիվ, Երևան, 16-ը մարտի, 2015թ.

Կանաչների համանախագահ Ջեմ Օզդեմիրը պատասխանում է «Ազատության» հարցերին, արխիվ, Երևան, 16-ը մարտի, 2015թ.

Financial Times-ի համոզմամբ, Անկարան շատ նյարդային կարձագանքի։

Գերմանիայի խորհրդարանի երկու պալատներից մեկը` Բունդեսթագը, մտադիր է քվեարկության դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը։

Financial Times-ի փոխանցմամբ, այդ հանգամանքը ամենայն հավանականությամբ կհարուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի զայրույթը։

Մեկնաբան Շտեֆան Վագսթիլը նշում է, որ քվեարկությունը Բունդեսթագում նշանակված է հունիսի 2-ին, մինչդեռ արդեն այս օրերին թուրք-գերմանական հարաբերություններում ճգնաժամ է։

Էրդողանի մասին գերմանացի երգիծաբան Յան Բյումերմանի հեղինակած հեգնական բանաստեղծությունը խիստ վիրավորել է Թուրքիայի ղեկավարին, դրանից զատ կա լարվածության մեկ այլ պատճառ` կասկածի տակ է հայտնվել Շենգենի տարածք մուտք գործելու համար թուրքերից վիզաներ այլևս չպահանջելու գործարքի իրականացումը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջիկայում կարող է հանդիպել Էրդողանին՝ «Ստամբուլում նախատեսված արտակարգ օգնություն» թեմայով ՄԱԿ-ի խորհրդաժողովում։

Բունդեսթագը վաղուց է քննարկում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը։ Անցյալ տարվա ապրիլին, երբ աշխարհը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Բունդեսթագում տեղի ունեցավ թեժ քննարկում, սակայն Մերկելի կառավարությունը համոզեց կանաչներին քվեարկության չդնել բանաձևը։

Կանցլերը չի ցանկանում սրել գերմանա-թուրքական կապերը՝ գոնե այն պատճառով, որ Գերմանիայում թուրքական ծագում ունի մոտ 4 միլիոն մարդ։

Եվ այնուամենայնիվ, իշխող կոալիցիայի անդամները գիտակցում են, որ այդպես չի կարելի շարունակել, տարբեր երկրներից, այդ թվում՝ Վատիկանից հասնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարությունների հզոր ալիքը։

Քրիստոնեա-դեմոկրատների և քրիստոնեա-սոցիալիստների միությունը, կանաչներն ու սոցիալ-դեմոկրատները համաձայնության են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում։

Շտեֆան Վագսթիլի համոզմամբ, գրեթե վստահ կարելի է ասել, որ Բունդեսթագը կընդունի բանաձևը։

Կանաչների համանախագահ, ծագումով թուրք օրենսդիր Ջեմ Օզդեմիրն ասել է. - «Երևի Անկարայում կզայրանան, բայց Բունդեսթագը երբեք շանտաժի չի ենթարկվի Էրդողանի նման դեսպոտների կողմից»։

XS
SM
MD
LG