Մատչելիության հղումներ

ԻՊ-ն, ըստ թուրքական հետախուզության, հարձակումներ է նախապատրաստում Անկարայում


Թուրքիա - Աթաթուրքի դամբարանը Անկարայում, արխիվ
Թուրքիա - Աթաթուրքի դամբարանը Անկարայում, արխիվ

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ստացած տեղեկություններով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակումներ է նախապատրաստում Անկարայում։

Ըստ թուրքական մամուլի, ոստիկանությունը «գաղտնի զգուշացում» է ուղարկել երկրի 81 նահանգների հետախուզական ծառայություններին այն մասին, որ մայիսի 19-ին՝ Աթաթուրքի հիշատակի, երիտասարդության և սպորտի օրը, ԻՊ-ն 10 տարբեր ահաբեկչական գործողություններ է ծրագրել երկրի խոշոր քաղաքներում: Թիրախների թվում են Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը, ԱՄՆ-ի դեսպանատունը և Ջեբեջի թաղամասում տեղակայված զորամասը։

Թուրքական հետախուզությունը, հետևելով ահաբեկչական խմբավորման համացանցային էջերի և նրանց «Կոնստանտինիյե» թուրքերեն հանդեսի հրապարակումներին, արձանագրել է, որ ահաբեկիչները ոստիկաններին և զինվորականներին «անհավատներ» են անվանում՝ հայտարարելով, թե նրանց սպանությունը, ըստ իսլամի, ընդունելի է։

Աթաթուրքի դամբարանի անվտանգությունը ապահովում է զինվորական հատուկ ստորաբաժանումը։

«Հաբերթյուրք»-ը, հղում կատարելով թուրքական հետախուզական ծառայությանը, հաղորդում է, որ «Իսլամական պետության» 10 անդամ Թուրքիա են ներթափանցել թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող Գազիանթեփ քաղաքից։

Հաղորդվում է նաև, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներից բացի, մայիսի 19-ի տոնակատարությունները թիրախավորել են Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները։ Օրերս թուրքական ոստիկանությունը Սիիրտ նահանգում 722 կգ պայթուցիկ է առգրավել, որը, ըստ իշխանությունների, օգտագործվելու էր մայիսի 19-ին ահաբեկչական նպատակով։

Չնայած ահաբեկչության վտանգին՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարել է, որ մայիսի 19-ին նախատեսված միջոցառումները տեղի են ունենալու, և Աթաթուրքի դամբարանը բաց է լինելու այցելուների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG