Մատչելիության հղումներ

Մարատ Պետրոսյանը՝ «ուստան», քառօրյա պատերազմի ժամանակ հինգ տանկ ու մեկ ՀՄՄ է խոցել


Մարատ Պետրոսյան
Մարատ Պետրոսյան

«Ես պատկերացում չունեի, որ մեր բանակը սենց դուխով կլինի», - ասում է 19-ամյա սերժանտը։

Սերժանտ Մարատ Պետրոսյանին գտնելու համար Ստեփանակերտից մի քանի ժամ դեպի հարավ գնացինք, որտեղ նա ընկերների հետ հակատանկային զենքի համար դիրք էր փորում:

19-ամյա ստեփանակերտցին քառօրյա պատերազմի ընթացքում հինգ տանկ ու մեկ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) է խոցել:

«Ինձ ուստա են ասում։ Էդ մարտի վախտ լսում եմ, որ կապումս խոսում են, սկզբից չհասկացա, որ իմ համար են ասում։ Մեկ էլ լսում եմ, ասում են՝ «ուստային քյարփիջը շուտ տվեք ինքը տունը սարքելու ա»։ Մեկ էլ տղերքից մեկը կապ ա տալիս, ասում ա՝ «լսե՞լ ես, քեզ արդեն ուստա են ասում»։ Դե արդեն հասկացա՝ ինչ են ասում», - «Ազատության»-ը ասաց Մարատ Պետրոսյանը։

Ստեփանակերտցի «ուստան» պատմում է, որ կռվի սկզբում իրեն դիրքեր չէին ուզում տանել, չէին հավատում, որ քաղաքի տղան կարող է կռվի դաշտում գոնե մեկ տանկ խոցել:

«Դե ասում էին՝ «դու ստեփանակերտցի տղա ես, դու ի՞նչ կարաս անես, քաղաքի տղա ես, ի՞նչ կարաս անես»։ Գնացի առաջի գիծ, մեր գնդապետ Մելքումյանին ասեցի՝ «ջուր ա պետք», ասեց՝ «խի՞, բերանդ ա՞ չորացել», իբր վախից բերանս չորացել ա։ Ասեցի՝ «չէ էլի, պարոն գնդապետ, դե պիտի ջուրը ցանես, որ կրակեն, փոշի չլինի, դեմս տենամ, ռակետը տենամ՝ ոնց ա գնում»։ Ասեց՝ «ջուր չկա, տենց գնա»։ Տենց էլ առանց ջրի գնացի։ Որ խփեցի շնորհակալություն ասեցին», - պատմեց սերժանտը։

Մարատ Պետրոսյանն անկեղծանում է՝ դիրքեր շատ էր ուզում բարձրանալ, որովհետև հրետանային զորամասում է ծառայում և առաջնագծում երբեք չէր եղել:

Ապրիլի 2-ի գիշերը Մարատը երկու տանկ է խոցում, ևս երկու տանկ և մեկ հետևակի մարտական մեքենա էլ՝ հաջորդ օրը:

«Զենքս դնում եմ ու ասում եմ՝ «վերջ, էսօր մեռել եմ, նաղդ»։ Քսան տանկ հելած ինտենսիվ կրակում էին։ Դե որ վախենաս, չես կարա անես։ Չպիտի վախենաս, հա վախը կա, բան չունեմ ասելու, բայց երկրորդական ա, չպիտի վախենաս, եթե վախենաս, չես կարա կրակես», - ասաց սերժանտը։

Մարատը ասում է՝ առաջին անգամ դիրքերում իր համար հետաքրքիր անցավ, հիմա պատերազմական օրերը մանրամասն հիշում է, իսկ մինչ այդ միայն հոր պատմածներն էր լսել:

«Ես պատկերացում չունեի, որ մեր բանակը սենց դուխով կլինի։ Բոլոր եկածներն էլ դուխով էին։ Չորս օրվա մեջ շատ բան եմ հիշում ու խնդում, օրինակ, որ կրակում էին մեզ վրա, գրադը մեր կողքով անցնում էր, մենք նստած հաց էինք ուտում դրա տակ», - պատմեց Մարատը։

Ղարաբաղյան շփման գծում ապրիլյան քառօրյա թեժ մարտական գործողություններից հետո Մարատը արդեն մի քանի մեդալ է ստացել, փողոցում էլ ճանաչում են, շնորհակալություն հայտնում:

«Հայտնի լինելը լավ բան ա, բայց դե ոչ սենց բաներում, էլի, դե որովհետև կռիվ ա, մարդ ա մեռնում, մոր աչքերից արցունք ա թափվում։ Ես հայտնի դառա, բայց ահա մեկի ընտանիքում կորուստ կա, լավ բան չի էս ձևի հայտնի դառնալը։ Հայտնի դառնաս, օրինակ, սպորտով, էլի ուրիշ բաներով։ Մեր հայ ազգը որ ասում ա, ուրեմն հերոս եմ, էլի։ Դե հերոս, հերոս, չգիտեմ, չեմ կարում պատկերացնեմ՝ էդ ինչ ա։ Դե հերոսը մեծ բաներ ա անում, ես հլը հերոս չեմ, բայց հերոսի վրա եմ, էլի, որ սկսի՝ կարող ա հերոս էլ դառնամ», - ասաց Մարատը։

Մարատը մինչև զինծառայությունը մարտարվեստով է զբաղվել, 8 ամսից զորացրվելու է, ասում է՝ զինված ուժեր կվերադառնա միայն պատերազմի դեպքում, իսկ մինչ այդ սպորտով կզբաղվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG