Մատչելիության հղումներ

Տարասով. Պահն է, որ ԼՂ իշխանություններն ակտիվ ներգրավվեն բանակցային գործընթացում


Հայ զինվորը շփման գծում, 7-ը մայիսի, 2016թ.
Հայ զինվորը շփման գծում, 7-ը մայիսի, 2016թ.

Ռուսաստանցի փորձագետը կարևորում է Վիեննայի հանդիպումը, որտեղ, ըստ նրա, միջնորդները կփորձեն կողմերին ստիպել ընդունել շփման գծի մոնիթորինգի ծրագիրը:

Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարևորում է այսօր Վիեննայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայանալիք հանդիպումը։

Ըստ ռուսաստանցի փորձագետի, Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները փորձելու են հակամարտող կողմերին ստիպել ընդունել շփման գծում տեխնիկական և մոնիթորինգի այլ մեխանիզմներ ներդնելու ծրագիրը, այսինքն՝ այն, ինչից միշտ հրաժարվել է Բաքուն։

Մայիսի 12-ին, հիշեցնենք, Մինսկի խմբի միջնորդները հայտարարել էին, թե ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն, նշելով, որ դա հնարավոր կլինի իրականացնել հաջորդ շաբաթ Վիեննայում, և հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում:

Տարասովը նշեց, որ այսօր Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախաձեռնողի դերում չէ։ Նրա խոսքով, քանի դեռ իրավիճակը շփման գծում չափազանց լարված է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում ակտիվորեն զբաղվել Ղարաբաղի խնդրով։ Այսինքն, ըստ փորձագետի, այս պահին պետք չէ սպասել հանդիպում եռակողմ՝ Սարգսյան-Պուտին-Ալիև ձևաչափով։

«Պաշտոնական Մոսկվան այսօր որդեգրել է չեզոք դիրքորոշում և ակտիվ քայլեր չի ձեռնարկելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տարասովը։

Փորձագետի համոզմամբ, պահն է, որ Ղարաբաղի իշխանություններն ակտիվ ներգրավվեն բանակցային գործընթացում․ - «Նաև Ղարաբաղի իշխանությունների մասնակցությամբ իրագործել մոնիթորինգի ծրագիրը։ Հատկապես որ Ստեփանակերտում կա դրա համար արդիական օդանավակայան, գերազանց հյուրանոցներ»։

Բանակցային այս նոր փուլի հիմնական ինտրիգներից մեկը, ըստ Տարասովի, Ղարաբաղի իշխանությունների կարգավիճակն է, մասնակցությունը բանակցային գործընթացին։ «Ստեփանակերտն այսօր դեռ չի դառնա բանակցությունների լիարժեք կողմ, ինչպես Երևանը և Բաքուն, սակայն ավելի ակտիվ մասնակցություն է ունենալու», - համոզված է նա։

Բաքուն, ըստ փորձագետի, համանախագահների, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հնչեցրած մոնիթորինգի ծրագրից հրաժարվելու լուրջ հնարավորություն չունի, քանի որ նրա բլիցկրիգը, ըստ Տարասովի, չի հաջողվել։

«Այդուամենայնիվ, սպասել, որ Ադրբեջանը կընդունի շփման գիծը վերահսկելու միջազգային մոնիթորինգի ծրագիրը, արդեն այսօր պետք չէ, քանի որ Ադրբեջանի ներքին իրավիճակն այնպիսին է, որ նման ծրագիր Ալիևը չի կարող ստորագրել։ Որպեսզի ընդունի նման ծրագիր, Ադրբեջանին պետք է խոստանան, որ նա հետ է ստանալու գոնե մի քանի շրջան», - ասաց ռուսաստանցի փորձագետը։

Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ է դարձել նաև, որ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացը սպառել է գաղտնիության ռեսուրսը և այսուհետ այն պետք է գործի ավելի թափանցիկ, այսինքն՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում հասարակությունը պետք է իմանա, թե ինչ են բանակցում և ինչ փոխզիջումների են պատրաստ գնալ կողմերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG