Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Մանրուքների քննարկումը լրջորեն կվտանգի գործողությունները


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

ՊՆ-ն այսօր արձագանքել է նաև զինվորների համազգեստի՝ անորակ լինելու մասին պնդումներին:

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի հրապարակած տվյալները Լեռնային Ղարաբաղի շփման գծում ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի կորցրած տարածքների մասին, ընդհանուր առմամբ, «էնքան էլ չեն համապատասխանում իրականությանը», դրանցում պետք է ճշգրտվեն որոշակի տերմիններ:

Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Այնուհանդերձ, ըստ նրա, այդ տեղեկությունները շատ ավելի մոտ են իրականությանը, քան մինչ այդ հրապարակվածները՝ «եթե այդ տերմինները վերանայենք, մի փոքր հղկենք»:

Նա ընդգծեց, որ պատերազմական իրավիճակում այդ մակարդակի դիրքային փոփոխությունները մեկնաբանելը սխալ է համարում, քանի որ, իր խոսքով, «երբ որ մարտական գործողությունները այս կամ այն ձևաչափով շարունակվում են, երբ որ այս կամ այն տարածքի նկատմամբ կոնկրետ ինչ-որ գործողություններ կարող են լինել, նման մանրուքներ քննարկելը լրջորեն կարող է վտանգել գործողությունները»:

Ըստ «Անի» կենտրոնի հրապարակման, մասնավորապես, հարավային ուղղությամբ՝ Լելե Թեփե բարձունքի շրջանում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը կորցրել է 7 ռազմական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ «այսօրվա դրությամբ մենք ունենք 14 ռազմական դիրք, որոնք մինչև ապրիլ 1-2-ի հայկական ուժերի ձեռքում էր»: Այդ տարածքները, ըստ հրապարակման, մեծ չեն:

Այսօր պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, մեկնաբանեց նաև «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը: Վերջինս, մասնավորապես, գրել էր՝ «Զինվորական համազգեստի և կոշիկի հարցն անմիջապես պետք է լուծել, այսքան անորակ համազգեստ և կոշիկ չի կարող ունենալ բանակը։ Դաշտային մեկ ամիսը բավարար է՝ տեսնելու, թե դրանք ինչ են իրենցից ներկայացնում։ Չե՞ք տեսնում պարոնայք գեներալներ, չե՞ք տեսնում ձեր սպաների և զինվորների հագի համազգեստը, չե՞ք տեսնում, թե մի անգամ լվանալուց հետո ինչպես է գունափոխվում, կոշիկները մեկ ամսից հետո քրքրվում, ծակվում են տարբեր մասերից»։

Յոլչյանն այս առնչությամբ, նշեց, որ գունաթափվելու հանգամանքը դրական է՝ դա նշանակում է, որ համազգեստը կարված է բնական ծագում ունեցող կտորից, հումքը բամբակն է, «չի գունաթափվում պլաստմասան»: Գնդապետը հավելեց, որ հայկական զինուժի համար անհրաժեշտ համազգեստների 92 տոկոսն արտադրվում է Հայաստանում, և «դրանք շատ բարձրորակ են»:

Այսօր պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր լրագրողների խմբի այց՝ Վայքի զորամասերից մեկը: Զորամասի հրամանատարը, անդրադառնալով նախորդ օրը Ելփին գյուղի հատվածում հակառակորդի ԱԹՍ-ի ոչնչացմանը, նշեց, որ սահմանագոտու այդ հատվածի համար դա հազվադեպ երևույթ էր, քանի որ այդ շրջանում գրեթե միշտ խաղաղ է եղել: Հրամանատարը հավելեց՝ թեև Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորքերի որոշակի տեղաշարժ են նկատել, սակայն «ակտիվություն չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG