Մատչելիության հղումներ

Հրազդանցիներն ահազանգում են «վտանգավոր» սողանքների մասին


Հրաչիկ Աբգարյանի քարե տնակը սողանքի հետևանքով մի քանի մետրով տեղաշարժվել է

Հրաչիկ Աբգարյանի քարե տնակը սողանքի հետևանքով մի քանի մետրով տեղաշարժվել է

Մինչդեռ, քաղաքապետարանը հավաստիացնում է, թե վտանգավոր ոչինչ չկա:

Հրազդան քաղաքի բնակիչներն ահազանգում են, որ խմելու ջրի ավազանից տեղի ունեցած արտահոսքի պատճառով տարածքում սողանքներ են առաջացել։ Անընդհատ հոսող ջուրն անգամ մի քանի մետրով տեղաշարժել է ավազանի ստորոտին այգի ունեցող Հրաչիկ Աբգարյանի քարե տնակը։ «Ամեն օր 30 սմ իջել է, հիմա չի իջնում, որովհետև ջուրը կտրել են արդեն»,- պատմում է Աբգարյանը։

Նկարահանման պահին ջրի հոսքը չէր դադարել, Հրազդանի բնակիչը հավաստիացնում է, որ մի քանի օր առաջ հոսքն անհամեմատ առատ էր։ Դրա համար էլ եզրակացրել է, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, ձեռնարկվել է։ «Բասեինից թողող տեղ է ունեցել, մտել հողի տակը։ Այ էդպես սողացել գնացել է: Ես զանգել եմ 911, եկել կտրել են ջուրը, բայց 2 տարի էդ ջուրը գնում էր»:

Սողացող սարի հենց ստորոտում Հրազդանի Աստղիկ մանկապարտեզն է։ Այդ հանգամանքը հատկապես մտահոգում է հրազդանցիներին, քանի որ իրավիճակը չշտկելու դեքում, կարող են տուժել երեխաները։ Հրազդանի քաղաքապետարանում խնդրին տեղյակ չեն։ Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Պետիկ Մարգարյանի հավաստմամբ, ինքը տարածքում մեկ ամիս առաջ է եղել ու վստահ է՝ սողանքի վտանգ չկա։

«Դա բոլորովին սողանք չի։ Ընդամենը անձրևաջրերից հողի երեսը մի քիչ մաքրվել է։ Վտանգավոր ոչինչ չկա, մտածելու ոչինչ չունենք այդ ուղղությամբ»,- ասում է պաշտոնյան։ Հարցին՝ եթե հողը չի հոսում, ապա ինչպե՞ս է մի քանի տոննա քաշ ունեցող քարե շինությունը տեղաշարժվել, նա պատասխանեց՝ «Երևի մարդիկ են տեղաշարժել...»:

Պետիկ Մարգարյանը ոչ մանկապարտեզի երեխաների, ոչ էլ քաղաքի բնակչության համար որևէ վտանգ չի տեսնում՝ չնայած որ սողանքի հավանականության մասնագիտական գնահատական չունեն։ Մինչդեռ, քաղաքացիները նախկինում խնդիրն անտեսելու հետևանքներն են հիշում։ «Անցնում-դառնում էինք, տեսանք սողանք է եղել։ Թոռս էլ է այս մանկապարտեզը գնում։ Հանկարծ սողանք լինի, նույն ճակատագրին կարժանանա»։

Նույն ճակատագիր ասելով, հրազդանցի Ռազմիկ Շահբազյանը նկատի ունի տարիներ առաջ տեղի ունեցած դեպքը։ Խցանված ջրատարի հետևանքով առաջացած սողանքը հասել էր մոտակա շենքերին։ «Էն թաղամասում սարը փլվել, եկել լցվել էր շենքերի բակը։ Մի երեխա էլ մահացել էր»։

XS
SM
MD
LG