Մատչելիության հղումներ

logo-print

«Հրազդան ցեմենտ»-ի պարտքը ներելու նախաձեռնությունը «կոռուպցիոն ներողամտության հետևանք» է


Հրազդանի ցեմենտի գործարանի նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, արխիվ:

Հրազդանի ցեմենտի գործարանի նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, արխիվ:

Ընդդիմադիրներն ու տնտեսական վերլուծաբանները քննադատում են Հրազդանի ցեմենտի գործարանի պարտքը ներելու կառավարության նախաձեռնությունը՝ հայտարարելով, թե կասկածներ ունեն, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ ներգրավված են «կոռուպցիոն այս գործարքում»։

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեմ են քվեարկելու օրինագծին, քանի որ ստեղծված իրավիճակը «կոռուպցիոն ներողամտության հետևանք է»։

Զուրաբյանի խոսքով՝ չնայած գործարանի արդեն նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի համար ստեղծված էին արտոնյալ պայմաններ, նա տապալեց իր բոլոր ընկերությունները, ինչից հետո իշխանությունները փրկում են նրան:

«Ինչո՞ւ պետք է Բաղդասարովի համար բացառություն արվի», - ասում է Զուրաբյանը: - «Նրա ապաշնորհ կամ հանցավոր գործունեության պատճառով կուտակված պարտքերը պետք է իրենց վրա վերցնեն հարկատուները, պետությունը, և այդ փողերը վճարվեն բյուջեից: Դա եղավ «Արմավիա»-ի դեպքում, հիշում եք: Ես կառավարությանը անգամ հարց տվեցի այդ կապակցությամբ, և ոչ մի նորմալ բացատրություն մենք չստացանք: Սա էլ արդեն ևս մեկ դեպք է` կապված այդ մարդու գործունեության հետ»:

Այս շաբաթ աղմկահարույց այս նախագիծը ձայների գերակշռող մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում։ Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով նախատեսվում է գործարանն ազատել պետական բյուջեին ունեցած ավելի քան կես միլիարդ դրամի տույժերից։

Կառավարությունը պատճառաբանել էր, թե դրա ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ Հայաստան» բանկի կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը։

Հրազդանի ցեմենտի գործարանը պատկանում էր գործարար Միխայիլ Բաղդասարովի «Միկա լիմիտեդ» ընկերությանը։ Պարտքերի պատճառով գործարանն անցել է ՎՏԲ բանկին։

Զուրաբյանը շեշտում է, որ եթե կառավարությունը բոլոր պարտքատերերին ներեր, ինքը նման կասկածներ չէր արտահայտի։

Նույն կարծիքին է «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը, ով հիշեցնում է՝ նախագիծը խորհրդարան բերած կառավարությունը որևէ բիզնես ծրագիր այդպես էլ չներկայացրեց, ինչն էլ իրեն ստիպեց դեմ քվեարկել․ - «Չէ՞ որ այդ գործարանը մի քանի տարիներ առաջ եղել էր աշխատող գործարան: Ոնց որ թե պետք էր հակառակը՝ իր ապրանքի որակի բարելավման համար ներդրումներ աներ և աշխատեր և այսօրվա դրությամբ կարողանար իսկապես մրցունակ լինել: Բայց մենք տեսնում ենք, որ կա սխալ մենեջմենթի խնդիր, և այս սխալ մենեջմենթի խնդիրը որևէ մեկը ոնց որ թե չի ցանկանում իսկապես ուշադրության արժանացնել, որ եթե ձևավորվել է այսքան պարտքը, ինքը դրա համար պատասխան տա»:

Պողոսյանը տարակուսում է, թե ինչպես կարող էր կառավարությունը տևական ժամանակ աչք փակել ընկերության կողմից պետության հանդեպ կուտակվող պարտքերի վրա, երբ մնացած դեպքերում դա պարզապես անհնար է․ - «Եթե այդպիսի շահերի խնդիր չլիներ, այս տեսակի արագության հարց չէր լինի: Եթե սրտացավություն լիներ, որ այդ գործարանը աշխատի, որ այդքան հրազդանցի աշխատանք ունենային, երբ առաջին ամիսը, երկրորդ ամիսը կամ երրորդ ամիսը, որ կանգնել էր, մեր կառավարությունը պետք է այդ հարցը բարձրացներ»:

Աբսուրդ որակելով կատարվածը՝ տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը ընդգծում է, թե կառավարության ձեռնարկած այս գործողության փոխարեն իշխանությունը կարող էր ընտրել քաղաքակիրթ աշխարհում ընդունված բազմաթիվ տարբերակներ․ - «Օրինակ, կարող էր պետությունը դա ձևակերպել որպես պարտք պետությանը ու վերակառուցել, որ այդ պարտքը պիտի փակվի, ասենք, տասը տարվա ընթացքում, կամ հարյուր տարվա ընթացքում: Երկրորդ տարբերակ․ կարող էր պետությունը դա ձևակերպել որպես վարկ և հետո տոկոսներով հետ վերցնել»:

Կառավարությունը, սակայն, ընտրեց ամենասխալ ու ամենահեշտ ճանապարհը, ասում է Գևորգյանը և հիշեցնում, որ Բաղդասարովին պատկանող ընկերությունները գրեթե միաժամանակ սնանկացան․ - «Առնվազն կասկածներ կարող են հայտնվել, որովհետև միաժամանակ նրա բոլոր բիզնեսները չեն կարող սնանկանալ: Եթե որևէ ընկերության պատկանող բոլոր ձեռնարկությունները միանգամից սնանկանում են, տրամաբանական պիտի լինի, որ այդ ընկերության սեփականատիրոջը մենք եթե փնտրենք, գտնենք մի որևէ խուլ գյուղում ցնցոտիներով ման գալիս, որովհետև սնանկացել է նա: Բայց տվյալ դեպքում ես կարող եմ վստահաբար պնդել, որ Միխայիլ Բաղդասարովը ցնցոտիներով չի այսօր»:

Կառավարության օրինագծում նշվում է, որ «Հրազդան ցեմենտ»-ի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 1 միլիարդ դրամ, և որ կառավարության կողմից տույժերը ներելուց հետո ռուսաստանյան կապիտալով ՎՏԲ բանկը, որին պարտքի փոխարեն տրվել է գործարանը, պատրաստակամություն է հայտնել մարել մայր պարտքը։

Այժմ Հրազդանի ցեմենտի գործարանն ունի 450 աշխատատեղ, որոնց թիվը, ըստ կառավարության, կավելանա, երբ պարտքերը ներելուց հետո զարկ տրվի ցեմենտի արտադրության ծավալների մեծացմանը։

«Ազատության» հետ զրույցում գործարանի աշխատակից Սուրեն Սողոմոնյանը նշեց, որ գործարանում այժմ նորոգման աշխատանքներ են ընթանում, և բանվորներին նախկինում ունեցած աշխատավարձի պարտքերը ընկերությունը արդեն մարել է։

XS
SM
MD
LG