Մատչելիության հղումներ

Նոր Հարկային օրենսգիրքը «վերացնելու է միջին խավը»


Երիտասարդ ակտիվիստների կազմակերպած հերթական բողոքի ակցիան Երևանի կենտրոնում, արխիվ

Երիտասարդ ակտիվիստների կազմակերպած հերթական բողոքի ակցիան Երևանի կենտրոնում, արխիվ

Ըստ մեկնաբանների, իշխանությունն այդպիսով նաև պատժում է հանրության հենց այն խմբին, որում ընդգրկվածներն են հիմնականում բողոքի գործողություններ իրականացնում:

Ազգային ժողովում շրջանառվում է անցած ամիս կառավարության հավանությանն արժանացած Հարկային օրենսգրքի նախագիծը, որում, տնտեսագետների և հաշվապահների կարծիքով, հատկապես մտահոգիչ են եկամտային հարկի նոր դրույքաչափերը: Ըստ նոր առաջարկի՝ չնչին չափով նվազում է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը՝ 24,4 տոկոսից դառնալով 23 տոկոս: Փոխարենը՝ 120.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում ներկայիս 26 տոկոսը կաճի՝ տատանվելով 28-ից 33 միջակայքում:

«Բիզնես ֆոր Բիզնես» վերլուծական թիմը հատուկ գրաֆիկայի միջոցով պատկերել է, թե ինչ չափի վնասների մասին է խոսքը: Ընկերության հիմնադիր Բաբկեն Թունյանի խոսքով՝ այդ փոփոխության հետևանքով ամենաշատը տուժելու են 200.000 դրամից բարձր աշխավարձ ստացողները: «Տուժողը 200 հազարից մինչև 1 միլիոն դրամ ստացողն է»:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատրվակով կառավարությունն առաջարկեց 1 տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային օրենքի տարածումը մասնավոր սեկտորի վրա: Փորձագետները, տնտեսագետները և համակարգին ընդդիմացողները թեև դրանում առավելապես քաղաքական դրդապատճառ նկատեցին, սակայն նաև ենթադրում են՝ կուտակային համակարգով չկարողացան աշխատող քաղաքացիների մի մասից գանձել գումարը ու հիմա հարկային փոփոխություններով են փորձում բյուջեն լցնել:

Հաշվապահ Մանե Թանդիլյանը մեծ վտանգ է տեսնում այս օրինագծի մեջ: Նրա խոսքով՝ ինչպես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, այնպես էլ այս օրենսդրական փոփոխությունը հիմնականում բարեխիղճ, հարկերը չթաքցնող գործատուի և աշխատողի վրա է անդրադառնալու:

«Ինձ համար ակնհայտ է, որ այն արտահայտությունները, թե հիմա այլևս պետք է ձգենք գոտիները, ուղղված են այն բանին, որ հագելի ժողովուրդ, պատրաստվեք, ձեզ վատ օրեր են սպասվում: Եվ սա ուղղակի կապ ունի դրա հետ: Խոսքը թափանցիկ աշխատավարձ ստացող քաղաքացիների մասին է: Բոլոր նետերն ու սլաքներն ուղղված են հենց բարեխիղճ աշխատողների դեմ»,- ասում է Թանդիլյանը:

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանն ավելի քան վստահ է՝ հարկային նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ստվերային տնտեսությունն ավելի կընդլայնվի: «Ամսական 40-50 հազար, մինչև 80 հազար դրամ լրացուցիչ հարկ տալը շատերի համար անհնար է, դրանով մարդուն կարող են ստիպել, որ օրենքի դաշտից տեղափոխվի ստվեր, սա նպաստում է ստվերայնության ավելացմանը»,- ասում է Թունյանը:

Թվաբանական հաշվարկները ցույց են տալիս, որ այս փոփոխությունից շատ քիչ չափով են շահելու են միջինից ցածր աշխատավարձ ստացողները, մինչդեռ շոշափելի օգուտներ են ստանալու 4 միլիոն դրամ և ավելի աշխատավարձ ստացողները՝ ներկայիս 36 տոկոսի փոխարեն նրանք կհարկվեն 33 տոկոսի չափով: Իսկ թիրախում միջին խավն է, քանի որ նոր օրինագծով ծանրանալու է հենց այս խմբում գտնվողների հարկային բեռը:

Մեկնաբանների խոսքով, այս օրենքը, մի կողմից, խորացնելու է հասարակության բևեռացումը, մյուս կողմից՝ իշխանությունն այդպիսով հերթական անգամ ճնշում է հենց այն խմբին, որում ընդգրկվածներն են հիմնականում տարաբնույթ բողոքի գործողությունների դիմում:

Բաբկեն Թունյան՝ «Հարվածում են միջին խավին, մինչդեռ տնտեսությունը հիմնականում այդ մարդկանց վրա է կառուցվում»:

Մանե Թանդիլյան՝ «Ամեն անգամ նմանատիպ օրենքներով մարդկանց նորից նետում ենք դեպի աղքատության շեմ, որտեղից նրանք նորից ինչ-որ կերպ պետք է դուրս գան: Սա նաև, դժգոհության առումով, իշխանության համար ամենա ոչ-ձեռնտու խավն է: Այսպես մենք վերացնում ենք միջին խավը: Ով որ հարկ չէր վճարում, այդպես էլ չի վճարելու, ով էլ եկամուտ չունի և աղքատ է, այդպես էլ մնում է աղքատ»:

XS
SM
MD
LG