Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների ու քաղհասարակության հիմնական պահանջները տեղ չեն գտել ԸՕ նախագծում


Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանը, արխիվ:
Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանը, արխիվ:

Այսօր խորհրդարան բերված փաստաթղթով դարձյալ մերժվում է ընտրություններին մասնակցած մարդկանց անունների հրապարակումը:

Փոխարենը իշխանություններն առաջարկում են քվեարկության ավարտին բոլոր վստահված անձանց միասին 20 րոպե տրամադրել՝ համեմատելու ցուցակները սարքերի տպած մասնակցության կտրոնների հետ:

Նախագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ժամանակը կարճ չէ, ամենամեծ տեղամասերում անգամ ընտրողների թիվը չի գերազանցում երկու հազարը: Բացի այդ, լուսանկարելու հնարավորություն է տրվելու լրագրողներին ու դիտորդներին․ - «Թող մեկնումեկը գա և բացատրի, թե ինչ է ինքը պատրաստվում անել, որ 20 րոպեն բավարար չէ ընտրովիության սկզբունքով ցանկացած հատվածը ցուցակի համադրելու և համոզվելու՝ այդ տեղեկանքը, որ տպվել է, ճիշտ է թե ոչ: Եթե ասեն՝ 20 չէ, 30 րոպե, պատրաստ եմ դա ընդունել: Բայց եթե խոսքը վերաբերի, որ պետք է մի քանի ժամ ընտրական արդյունքները մենք հետաձգենք, հաշվելը քվեաթերթիկների մենք հետաձգենք, թե ինչ է մարդիկ ուզում են հատ-հատ ծանոթանալ կամ արտագրել ցուցակից, դա ընդունելի չէ»:

Հարությունյանն ասում է, թե այսպիսով, մի կողմից, պահպանվում է գաղտնիությունը, մյուս կողմից՝ ներդրվում ցուցակները ստուգելու ողջամիտ մեխանիզմ: Քաղվածք անելու տարբերակը, մինչդեռ, ի սկզբանե չեն ընդունում ընդդիմադիրները և դիտորդները՝ պահանջելով մասնակիցների ցուցակները հրապարակել ամբողջությամբ՝ հասանելի դարձնելով դրանք լիարժեք վերահսկողության համար:

«Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը բացահայտ գրված է, կախված է, թող կարդան և տեսնեն՝ իրենք ողջունո՞ւմ են բաց կախելը, թե՞՝ ոչ: Որերորդ անգամ դրա մասին խոսում ենք, և տպավորությունս այն է, որ մարդիկ ուղղակի դա չեն ընկալում, կամ չեն լսում, կամ չեն ուզում կարդալ», - նշեց Հարությունյանը:

Իշխանությունները, ի դեպ, առհասարակ հիմնականում կատարված են համարում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄՀԳ) հանձնարարականներն ու Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները:

Ինչ մնում է ընդդիմությանը, ապա կյանքի չի կոչվի նաև տեղամասերից ինտերնետային տեսահեռարձակման պահանջը: «Դրան երբևէ չենք համաձայնի», - հայտարարեց Դավիթ Հարությունյանը՝ հիմնավորելով․ - «Որովհետև պետությունը չունի օպերատորներ, որոնք տեխնիկայի մասնագետ են, կամերա կպցնելու մասնագետ են: Մենք ասել ենք՝ պետությունը կկազմակերպի գնում: Այդ գումարները, բնականաբար, պետք է գտնվեին ոչ-բյուջետային աղբյուրներից»:

Իշխանությունը սկզբունքորեն դեմ չէ, բայց Ընտրական օրենսգրքում չի ամրագրվել նաև ցուցակները մաքրելու պահանջը: Հայ ազգային կոնգրեսը բերում էր Վրաստանի օրինակը՝ առաջարկելով առանձնացնել երկրից բացակայողների անունները:

Այս առնչությամբ Հարությունյանն ասաց․ - «Կարող ենք որոշակի քայլերի գնալ՝ եթե լինի կոնսենսուս: Այս պահին որևէ կոնսենսուս չկա, և այն քայլերը, որ մենք կարծում ենք, որ ընդամենը լրացուցիչ են, մեր կարծիքով՝ էական որևէ ազդեցություն չեն ունենալու, որևէ էական բան չեն բարելավելու, մեր ընդդիմադիր գործընկերների՝ ոմանց, կարծիքով՝ բարելավելու են: Եթե մենք գայինք կոնսենսուսի, մենք պատրաստ էինք լրացուցիչ քայլեր ընդգրկել»:

Կոնսենսուսի հասնելը Հարությունյանը չի բացառում անգամ օրենսգրքի ընդունումից՝ հունիսի 1-ից հետո՝ չհստակեցնելով, թե ինչ է փոխվելու այդ ժամանակ, արդյո՞ք գնալու են զիջումների․ - «Կոնսենսուսը ինքնանպատակ լինել չի կարող, այն շատ ցանկալի էր, և դրա վրա մենք էլ շատ ռեսուրսներ ներդրեցինք: Ցավում ենք, որ կոնսենսուսը չկայացավ: Դեռևս չենք բացառում, որ ինչ-որ մի պահ մեզ կհաջողվի գալ ընդհանուրի: Ցավալի է, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է կանգ առնենք և ոչինչ չանենք»:

Նախագծին եզրակացություն տալու համար Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը կքվեարկի երկուշաբթի՝ լիագումար նիստից ժամեր առաջ:

XS
SM
MD
LG