Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանիայում դատափետում են մամուլի նկատմամբ Էրդողանի վերաբերմունքը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահի դեմ բողոքները հաճախ արտահայտվում են ինքնատիպ ծաղրական գործողությունների միջոցով:

Գերմանիայում շարունակում են ամենատարբեր միջոցներով բողոքել մամուլի ազատության նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ոտնձգությունների դեմ։ Մի խումբ գերմանացի արվեստագետներ իրենց բողոքն արտահայտել են Էրդողանին Ադոլֆ Հիտլերին նմանեցնելու միջոցով։ Թուրքական «Ջումհուրիյեթ»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում թուրքական դեսպանատան պատին նրանք լուսային էֆեկտների օգնությամբ Էրդողանին պատկերել են հիտլերյան բեղերով՝ օգտագործելով «նա վերադարձել է» արտահայտությունը։

Շուրջ մեկ ժամ տևած բողոքի ակցիայի կազմակերպիչներն այդպիսով իրենց համերաշխությունն են հայտնել թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին, որոնք ձերբակալվել են «հակապետական գործունեության և լրտեսության» մեղադրանքով։

Վերջերս էլ Քյոլնի Urban Burgery սրճարաններից մեկի ճաշացանկում հայտնվել էր «Էրդողան բուրգեր» անունով նոր ուտեստ։ Այծի պանրով պատրաստված բուրգերների միջոցով սրճարանը պաշտպանել է գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանին։ Նա անցած մարտին գերմանական հեռուստատեսությամբ ցուցադրվող Neo Magazin Royal հաղորդման ժամանակ երգիծական բանաստեղծության միջոցով ասել էր, թե Էրդողանը սեռական հարաբերություններ է ունենում այծերի և ոչխարների հետ։

Դրանից հետո Էրդողանը դիմել էր գերմանական իշխանություններին՝ պահանջելով դատական գործ հարուցել Բյոհերմանի արարքի փաստով։ Քյոլնի սրճարանում մեծ պահանջարկ վայելող «Էրդողան բուրգերների» հայտնվելուց հետո սրճարանը երեք օրով փակվել է՝ տեղի տալով թուրք ազգայնականների սպառնալիքներին: BBC-ի հաղորդմամբ՝ գերմանական սրճարանը որոշել է շարունակել Թուրքիայի նախագահի անունը կրող բուրգերների վաճառքն այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի վերանայել մամուլի ազատության հարցում իր որդեգրած վարքագիծը։

Ի դեպ, օրերս սրճարանի ճաշացանկում ավելացել է նաև «Բյոհերմանի թխվածքը», որի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Թուրքիայում բանտարկված լրագրողների աջակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG