Մատչելիության հղումներ

Ուկրաինան չի մասնակցի հաջորդ Եվրատեսիլին` եթե հաղթի ռուսաստանցի երգիչը


Եվրատեսիլում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը և նրա թիմը ցնծությամբ ընդունեցին եզրափակիչ անցնելու լուրը, Ericsson Globe մարզահամերգային դահլիճ, Ստոկհոլմ, 10 մայիսի, 2016թ.

Եվրատեսիլում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը և նրա թիմը ցնծությամբ ընդունեցին եզրափակիչ անցնելու լուրը, Ericsson Globe մարզահամերգային դահլիճ, Ստոկհոլմ, 10 մայիսի, 2016թ.

Սերգեյ Լազարևի հաղթանակի դեպքում մրցույթը տեղի կունենա Ռուսաստանում։

Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան Ֆեյսբուքի իր էջում հաղորդել է, որ եթե Ստոկհոլմում վաղը հաղթի Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող երգիչ Սերգեյ Լազարևը, ապա Ուկրաինան կհրաժարվի 2017-ի մրցույթին մասնակցելուց, քանի որ, ըստ Եվրատեսիլի կանոնադրության, հաջորդ մրցույթն անցկացվում է ընթացիկ մրցույթում հաղթողի երկրում։

«Ստիպված կլինեմ մտածել այլընտրանքի մասին: Եթե հաղթի Լազարև ազգանունով մարդը, կարծում եմ՝ Ուկրաինայի Առաջին ալիքը կհրաժարվի մասնակցությունից»,- գրել է Ալասանիան։

Լրատվական գործակալությունները նշում են, որ նմանօրինակ նախադեպեր արդեն եղել են. 2012 թվականին Հայաստանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող մրցույթին։

Ուկրաինան ներկայացնող Ջամալան կատարում է Ղրիմի թաթարների տեղահանման ողբերգությանը նվիրված երգ և հասել է եզրափակիչ։

«Ուրախ եմ Ջամալայի համար՝ անկախ այն բանից, թե ի վերջո նա որ տեղը կգրավի, և հիշեցնում եմ, որ Եվրատեսիլի կանոնադրության համաձայն՝ հաղթող երկիրն է մյուս տարի անցկացնելու մրցույթը», - գրել է Ալասանիան։

Սերգեյ Լազարևի You Are the Only One երգը, ըստ քննադատների և բուքմեյքերների, ունի այս տարի հաղթելու լավ հնարավորություններ։

Վաղը կայանալիք եզրափակիչում մրցելու են 26 կատարողներ․ 10-ական առաջատարներ երկու կիսաեզրափակիչներից և եզրափակիչում առանց մրցույթի ավանդաբար ընդգրկվող Եվրատեսիլի հիմնադիրներ ու գլխավոր հովանավորներ համարվող Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի պատվիրակները։

Եվրատեսիլին հետևող մեկնաբանները նշում են նաև Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի հետ կապված ինտրիգը․ Լեռնային Ղարաբաղի դրոշը պարզելու համար նա զգուշացվել է, որ արարքը կրկնելու դեպքում կորակազրկվի, իսկ Ադրբեջանը պաշտոնապես բողոք է հայտնել։

Եվրատեսիլի առաջին մրցույթը տեղի է ունեցել 1956 թվականի մայիսի 24-ին Լուգանոյում (Շվեյցարիա)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG