Մատչելիության հղումներ

Բաքվում սպասում են Ռոգոզինին


Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ

Միաժամանակ, Կրեմլից հերքում են Պուտինի՝ այս ամիս ծրագրվող Բաքու այցի մասին տեղեկությունը:

«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը տեղեկացնում է, որ ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մայիսի 17-ին կմեկնի Բաքու:

«Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվում բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի ղեկավարության հետ: Այցի շրջանակում, մասնավորապես, կքննարկվի մայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցն Ադրբեջան», - իր «լավատեղյակ» աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը՝ հավելելով․ - «Կողմերը կքննարկեն նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը»:

Այսօր ավելի ուշ, սակայն, ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Կրեմլից իր թղթակցին փոխանցել են՝ այս ամիս Ռուսաստանի նախագահի Ադրբեջան այց ծրագրված չէ:

Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը համակարգող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հիշեցնենք, վերջին անգամ Ադրբեջանի մայրաքաղաք էր այցելել քառօրյա պատերազմից անմիջապես հետո: Այդ այցի նպատակը, ինչպես պաշտոնապես նշում էր ռուսական կողմը, Ռուսաստանից Ադրբեջան սպառազինության մատակարարման հետ կապված որոշ խնդիրներ քննարկելն էր:

Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Կրեմլին ուղղված՝ Հայաստանից հնչող քննադատություններին Ռուսաստանի փոխվարչապետը հենց Բաքվից էլ պատասխանեց․ - «Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին»:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքուն պատրաստվում է Ռուսաստանից զենքի հերթական խոշոր խմբաքանակ և ռազմական տեխնիկա գնել: Մինչդեռ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, հիշեցնենք, հակադարձել էր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ իրականացնող Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը շարունակելու մասին պնդումներին՝ ասելով․ - «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը երեկ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով դեսպան Վոլինկինի այս հայտարարությանը՝ ասել է․ - «Պետք չէ փորձել նյուանսներ որսալ այդ խոսքերում, երկրորդական, երրորդական և այլ իմաստներ»: «Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում միջազգային իրավական հստակ հիմքի վրա», - հայտարարել է Մարիա Զախարովան ի պատասխան հայ լրագրողի հարցի՝ շարունակելով․ - «Մենք հրաշալի հասկանում ենք իրավիճակի բարդությունը և գիտակցում ենք, թե ինչ մեթոդներ, իրականում նաև ոչ միայն խոսքով, կարող են հանգեցնել իրավիճակի հանդարտեցմանը: Խոսքը նախևառաջ կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդների մասին է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG