Մատչելիության հղումներ

logo-print

Նրանք «Ազատության» հետ զրույցում ընդգծեցին՝ այստեղ ընկերներ են կորցրել:

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հրադադարը կրկին խախտվել է: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդում է, որ ադրբեջանական կողմից կրակել են հրաձգային զինատեսակներով, ականանետերով և հակատանկային նռնականետերով:

Ղարաբաղի զինված ուժերը վստահեցնում են, որ պատասխան գործողությունների միայն խիստ անհրաժեշտության դեպքում են դիմում:

Ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում ամենաթեժ կետերից մեկը շփման գծի հարավային՝ Ջաբրայիլի ուղղությունն էր: Կրակի դադարեցման պայմանավորվածությունից ավելի քան մեկ ամիս անց էլ այստեղ դեռ կրակոցներ են հնչում:

Լելե Թեփե բարձունքի մոտ գտնվող դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ավետիսյանը և դիրքապահ, շարքային Վարդանյանը պատմում են, որ պատերազմական օրերին իրենց դիրքը ինտենսիվ հրետակոծվում էր, երկինքն էլ կրակոցներից ամբողջովին լուսավոր էր: Հիմա, կրտսեր սերժանտի խոսքով, կրակոցները քիչ են:

«Չէ, կրակոցներ շատ քիչ ա լինում, բայց մենք էլ միշտ նենց ենք անում, վիճակը որ մի փոքր զգում ենք՝ լարված ա, մենք էլ ենք աշխատում էդ ուղղությամբ, որ իմանան՝ ստեղ ձիգ կանգնած են տղաները», - «Ազատության» հետ զրույցում ասաց կրտսեր սերժանտ Ավետիսյանը:

«Անպատասխան չենք թողնում», - հավելեց շարքային Վարդանյանը:

Զինծառայողները պատերազմական օրերը մանրամասն հիշում են։ Բարձրանում էին դիրքերում ծառայող մյուս հերթափոխին օգնելու, երբ իրենց մեքենաների ուղղությամբ հրետակոծություն է սկսվում։ Արդեն հասնելով առաջնագիծ՝ հասկանում են, որ պատերազմ է։

«Ասում են՝ հերոս ենք», - նշում է կրտսեր սերժանտը և ժպտում։

«Ստեղ չենք զգում էդ, բայց դրսի մարդկանց համար՝ միգուցե։ Դրսի մարդիկ մի քիչ ուրիշ ձև են պատկերացնում ստեղի կյանքը, ստեղի աշխարհը, մի քիչ ավելի սրտներին մոտիկ են շատ մարդիկ ընդունում։ Իսկ մենք որ միշտ նույնն ենք տենում՝ արդեն սովորական ա դառնում էս ամեն ինչը, կյանքն ա դառել էս», - շարունակում է շարքայինը։

Մինչ «Ազատություն»-ը զրուցում էր զինծառայողների հետ, նրանց ընկերը՝ դիրքի դիտորդ, շարքային Ղարդյանը, առաջնագիծն էր դիտարկում: Դիտակետը չի լքում, հենց այնտեղ է մեզ հետ զրուցում։ Պատմում է, որ ապրիլի սկզբի օրերին այստեղից ադրբեջանցի զինվորների էր նկատում, հիմա միայն հանդիպակաց դիրքում ադրբեջանական դրոշն է տեսնում: Բայց պատերազմական օրերը չի մոռանում, ասում է՝ ամեն օրը մի հավերժություն էր։

«Էն կռվի կադրերից էլ իրական՝ էդ էր ամենատպավորիչը, ամենահետաքրքիրը․․․ որ սաղ մնացինք», - պատմեց Ղարդյանը: - «Ինչ-որ կադրեր էր, ոնց որ կինո գնար, որը անցավ-գնաց․․․ լավ, նորմալ, տենց»:

Նա անկեղծանում է՝ պատերազմից հետո ավելի համարձակ է դարձել։ «Չէ, սաղ տղերքն էլ ստեղ են էղել, պահել ենք, մեր սահմանն ենք պահել։ Հերոս տղերք կան, կռված տղերք, որ հենց իրանց վրա են էկել՝ մի ջոկատ, որ ցելի մի երկու հարյուր հոգուց ավել իրանց վրա ա էկել ու շատ զոհեր տալով հետ են մղվել, ամբողջ դիրքով, անձնակազմը սաղ մեռավ։ Իմ պարտքն եմ արել, իմ պարտականությունն եմ արել, իմ սահմանն եմ պահել», - ասաց զինվորը։

19-20 տարեկան սահմանապահները տարածքային զիջումների մասին չեն ուզում լսել, ասացին, որ այստեղ ընկերներ են կորցրել:

«Մերն ա Ղարաբաղը, ի՞նչ լուծվի, լուծած ա։ Մենք պետք ա պահենք, էսօր եթե Ղարաբաղից մի հող էլ տալիս ենք՝ վաղը արդեն մեր Հայաստանն ա, մեր Ղարաբաղ, մեր Հայաստան չկա՝ սաղ մերն ա», - նշեց Ղարդյանը։

Դիրքապահների խոսքով՝ ամենադժվարը իրենց համար կարոտն է։ Ծառայության առաջին օրերին, պատմում են, շատ էին կարոտում, հիմա արդեն սովորել են։ Հեռախոսով հարազատների հետ խոսում են, իսկ սիրած աղջիկներին փոխանցելու բան ունեին։

«Կփոխանցեի մենակ էն, որ հանգիստ լինի, որ իմանա՝ իմ հետ ամեն ինչ նորմալ ա, ու գիտեմ, որ ինձ շատ ա սպասում», - ասաց կրտսեր սերժանտ Ավետիսյանը։

«Քիչ մնաց, երկուսս էլ հեսա զորացրվում ենք ու գանք», - հավելեց շարքային Վարդանյանը։

Դիրքապահ զինվորներին օգնելու են եկել նաև կամավորները:

Դիրքում հաճախ են երգում, ձայների ուղղությամբ էլ ադրբեջանական կողմից կրակում են: Նույնը եղավ մեր այնտեղ լինելու պահին, բայց երգը չդադարեցրեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG