Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն և ցածր գնաճային միջավայր


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Մեննո Սնելին:

Հայաստանի կառավարության փոխանցմամբ, վարչապետը նշել է, որ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարման հարցում, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ծրագրի կատարման ընթացքը թույլ կտա ավարտին հասցնել դրանում նախանշված բոլոր բարեփոխումները:

Անդրադառնալով տնտեսական զարգացումներին, կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած տարածաշրջանային ցնցումներն իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերի վրա, այնուամենայնիվ, գործադիրին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն և բավական ցածր գնաճային միջավայր, ինչը բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն է ընձեռել:

Ըստ վարչապետի, նույնիսկ ոչ բարենպաստ միտումների համատեքստում նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է 3 տոկոսով, իսկ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.6 տոկոսով: Աբրահամյանի խոսքով, ակտիվ աշխատանքներ են տարվում նաև արտահանումը խթանելու ուղղությամբ:

Իր հերթին, Մեննո Սնելը գոհունակություն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքից և կարևորել կենսաթոշակային բարեփոխումների հետևողական իրականացումն ու Հարկային նոր օրենսգրքի ընդունումը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ կառավարությունը կատարել է մեծածավալ աշխատանք:

Մեննո Սնելն արդյունավետ է գնահատել նաև Հայաստանում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, որը նպաստում է մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տնտեսական զարգացումների վերաբերյալ, անդրադարձել երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG