Մատչելիության հղումներ

logo-print

Ավազակային հարձակում Երևանում. հարուցվել է քրեական գործ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ մայիսի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած զինված ավազակային հարձակման դեպքի առթիվ։

«Նախնական տվյալներով՝ երկու տղամարդ մայիսի 13-ին՝ ժամը 04:25-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել Լ. Ավետիսյանին պատկանող տուն և ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել նրա և ընտանիքի անդամների վրա, վերջիններիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` փորձել հափշտակություն կատարել, սակայն տան բնակիչները վնասազերծել են նրանց», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ ավազակությունը, որը կատարվել է՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Լ. Ավետիսյանի տուն մուտք գործած անձանցից մեկի՝ Հ. Ֆալանջյանի դիակը, որի մոտ հայտնաբերվել է մեկ հատ կպչուն ժապավեն, մեկ հատ ատրճանակի պահունակ` 6 փամփուշտով։ Տան հյուրասենյակում հայտնաբերվել է մեկ հատ առանց գործարանային համարի ատրճանակ, խլացուցիչ, ննջասենյակի հատակին հայտնաբերվել է ատրճանակի 1 պահունակ` 4 փամփուշտներով, մեկ գնդակ, երկու պարկուճ, մեկ ծալովի դանակ, ննջասենյակում հայտնաբերվել է մեկ կպչուն ժապավեն, երկու հատ սև դիմակ, մեկ հատ պտուտակահան:

Ըստ հաղորդագրության, դեպքի վայրին հարակից փողոցում հայտնաբերվել է Հ. Ֆալանջյանին պատկանող «Մերսեդս Բենց Ե 220» մակնիշի ավտոմեքենան` շարժիչը գործի գցելու համար նախատեսված բանալին անվի վրա դրված:

Ընտանիքի 5 անդամներից 4-ն ստացել են մարմնական վնասվածքներ, որոնցից 3-ը հոսպիտալացվել են. Լ. Ավետիսյանը՝ որովայնի շրջանի հրազենային վնասվածք, Դ. Ավետիսյանը` աջ ուսային միջանցիկ հրազենային վերք, Ս. Հարությունյանը` կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ բազկի շրջանի կտրած, ծակած թափանցող վերքեր, հեմոպնևմոթորաքս ախտորոշմամբ, վնասվածք ստացած 4-րդ անձին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել:

Բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Հ. Ֆալանջյանի հետ Ավետիսյանների տուն զինված մուտք գործած երկրորդ անձը՝ կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ բազկի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք, հեմոպնևմոթորաքս ախտորոշմամբ:

«Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաբժշկական, համալիր դատահետքաբանական, դատաքիմիական, դատաձգաբանական, դատակենսաբանական և դատամատնադրոշմային փորձաքննություններ», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ոստիկանությունը, իր հերթին, հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Դոդոխյան փողոցում, 29-ամյա Հրաչյա Ֆալանջյանը, ում դիակը հայտնաբերվել է դեպքի վայրում, ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG