Մատչելիության հղումներ

Թաթոյանն ադրբեջանցիների դաժանությունների կոնկրետ օրինակներ է ներկայացրել Յագլանդին


Լուսանկարը՝ օմբուդսմենի գրասենյակի
Լուսանկարը՝ օմբուդսմենի գրասենյակի

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ, Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:

Պաշտպանը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված դաժանությունների կոնկրետ օրինակներ և Յագլանդին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցը:

«Արման Թաթոյանն ընդգծել է նաև ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն և բռնություն սերմանող՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության կործանարար հետևանքները, որը խաթարում է Եվրոպայի խորհրդի ողջ իրավապաշտպան համակարգը: Ընդ որում, այդ քաղաքականությունը խրախուսվում է պետական մակարդակով և կրում է բացարձակ անհանդուրժողական բնույթ», - ասված է հաղորդագրությունում:

Օմբուդսմենի գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ «մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել»:

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում եվրոպական չափանիշների ներդրման հարցում: Մասնավորապես՝ հանդիպման ընթացքում նշվել է օմբուդսմենի հաստատության կարևորությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործում:

Քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG