Մատչելիության հղումներ

Այսօր գառնեցիները բոյկոտեցին գյուղում կազմակերպված հանրային քննարկումը։ Գառնիի կիրճով անցնող գետի հաշվին Արտաշատի 12 գյուղերի համար ոռոգման համակարգ կառուցելու ծրագրի հեղինակները, մարզպետը, ջրային կոմիտեի նախագահը, այլ պաշտոնյաներ հավաքվել էին գյուղի մշակույթի ակումբում ու հանդիպման էին հրավիրում դրսում հավաքված մեծաթիվ գառնեցիներին, նշում, թե եկել են լսելու նրանց դժգոհություններն ու պատասխանելու հուզող բոլոր հարցերին։ Սակայն գյուղացիներից ընդամենը մի քանիսը համաձայնեց մտնել դահլիճ։

Տեսնելով, որ իրենց լսող չկա՝ դրսում կանգնած գյուղացիները հերթական անգամ փակեցին գյուղ տանող ճանապարհը:

Իսկ ակումբի դահլիճում հավաքված պաշտոնյաները սկսեցին իրենց քննարկումը մի քանի գյուղացիների մասնակցությամբ: Ծրագրի հեղինակները հերթական անգամ նշեցին, որ իրենց նպատակները բարի են ու չեն ուզում որևէ վնաս հասցնել Գառնիին։ Իրենց ասելիքն ավարտելուց հետո հեռացան գյուղից։ Հասնելով փակ ավտոճանապարհին՝ պաշտոնյաներն առանց իջնելու իրենց մգեցված ապակիներով ավտոմեքենաներից, հեռացան՝ շրջանցելով գյուղի հիմնական ճանապարհը։ Պաշտոնյաների հեռանալուց հետո գյուղացիները բացեցին ճանապարհը՝ պնդելով, որ շարունակելու են իրենց պայքարը ծրագիրը չեղյալ հայտարարելու և դադարեցնելու համար։ Նրանք մատնանշում են Արտաշատի մերձակա Նարեկ գյուղում վարչապետ Հովիկ աբրահամյանին պատկանող մեծ հողատարածքներն ու ասում՝ այս ծրագիրն իրականացվում է միայն այդ հողերը ոռոգելու նպատակով։

Երկու տարի շարունակ գառնեցիները բողոքի ակցիաներ են անցկացրել, ճանապարհ փակել, ստորագրահավաք կազմակերպել ու դիմել վերևներին՝ պնդելով, որ ինքնահոս եղանակով ոռոգման համակարգ կառուցելու՝ Կառավարության ծրագիրը բնապահպանական լուրջ խնդիրներ կառաջացնի զբոսաշրջության կենտրոն հանդիսացող Գառնիի համար։ Նրանց միացել են բնապահպանները, ովքեր համոզված են, որ առանց այն էլ սակավաջուր Ազատ գետի ջուրը չի բավականացնի Արտաշատի 12 գյուղերին ջրով ապահովելու համար և Համաշխարհային բանկի 10 միլիոն դոլարանոց վարկը պարզապես փոշիացվելու է։ Սակայն գառնեցիների բողոքներին հակառակ, վերջերս շինարարական աշխատանքներն սկսվել էին և գյուղացիների բողոքի ծայրահեղ միջոցներից հետո միայն շինտեխնիկան հանվեց կիրճից ու դադարեցվեց աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG