Մատչելիության հղումներ

logo-print

Վաշինգտոնը անտեսեց Մոսկվայի առարկությունները


ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նորաստեղծ կենտրոնը, Դերվեսելու, Ռումինիա, 12-ը մայիսի, 2016թ.

ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նորաստեղծ կենտրոնը, Դերվեսելու, Ռումինիա, 12-ը մայիսի, 2016թ.

Ռումինիայի Դերվեսելու ավանի մոտակայքում բացվեց ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նորաստեղծ կենտրոնը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները ակտիվացրել է Ռումինիայում տեղակայված հակահրթիռային պաշտպանության կենտրոնը, որը կազմելու է ՆԱՏՕ-ի հակահրթիռային վահանի բաղկացուցիչը:

Ռումինիայի հարավում` Դերվեսելու ավանի մոտակայքում երեկ բացված կենտրոնի կառուցումն արժեցել է 800 միլիոն դոլար։ Վաշինգտոնն իրականացրել է այդ ծրագիրը՝ չնայած պաշտոնական Մոսկվայի բազմաթիվ առարկություններին և «ասիմետրիկ» պատասխան» տալու մասին հնչեցրած սպառնալիքներին։

Ամերիկացիներն ասում են, որ համակարգը պաշտպանելու ՆԱՏՕ-ի երկրները կարճ և միջին հեռահարության հրթիռներից, որոնք կարող են արձակվել, մասնավորապես, Մերձավոր Արևելքի տարածքից։ Կրեմլը համոզված է, որ համակարգն իրականում ուղղված է Ռուսաստանի դեմ և խախտում է ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում:

Ռումինական կենտրոնից զատ, համալիրի բաղկացուցիչներն են նման մեկ կենտրոն Լեհաստանում, ռադարը Թուրքիայում, Իսպանիայի հարավային նավահանգստում խարիսխ գցած ամերիկյան հրթիռակիր նավերը և Գերմանիայում հակաօդային պաշտպանության հրամանատարական կենտրոնը։

Համակարգի անունն է Aegis Ashore, այն արձանագրում է հրթիռի արձակումը, և անմիջապես գործի է դրվում դրա ոչնչացման այս մեխանիզմը` վաղ նախազգուշացման ռադարները և արբանյակները գրանցում են հրթիռի օր բարձրանալու պահը, այսպես կոչված X դիապազոնի (ձայնածավալի) ռադարը հետևում է հրթիռի թռիչքին։

Թշնամական հրթիռի թռիչքն ուղեկցվում է բազմաթիվ կեղծ ազդանշաններով, որոնք պետք է մոլորեցնեն պաշտպանական համակարգը, արբանյակներն ու ռադարները զատում են իրական հրթիռը կեղծ ազդանշաններից, ծովային կամ ցամաքային կենտրոնից արձակվում է պաշտպանական հրթիռը, որի թիրախը մոտեցող թշնամական հրթիռի մարտագլխիկն է, պաշտպանական հրթիռն ուղղվում է մոտեցող թշնամական հրթիռի վրա և այն ոչնչացնում է։

Այդ ամենն ապահովում են գերարդիական տեխնոլոգիաները, որոնց մշակման ու ստեղծման համար ամերիկացիները միլիարդներ են ծախսել։

«Դա ամենաարդիական կատարյալ հակահրթիռային պաշտպանության համակարգն է, աշխարհում նման համակարգ չի եղել»,- ասել է կենտրոնի բացմանը ներկա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա Ռումինիայում ևս մեկ անգամ ընդգծել է, որ համակարգն ուղղված չէ ռուսների դեմ։

«Սա միայն պաշտպանական համակարգ է և Ռուսաստանի ռազմավարական անվտանգությանը չի սպառնում։ Աշխարհագրության և ֆիզիկայի օրենքները դա պարզապես բացառում են, ՆԱՏՕ-ն չի կարող այստեղից կամ Լեհաստանից ոչնչացնել Ռուսաստանի միջմայրցամաքային հրթիռը, մեր համակարգը կոչված է պաշտպանվել վտանգներից, որոնք եվրատլանտյան տարածքից դուրս են գտնվում, մենք բազմիցս դա ասել ենք Ռուսաստանին»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

Բայց ռուսներին դա չի համոզում։ Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հերթական անգամ պնդել է, որ համակարգի տեղակայումը Ռուսաստանի համար սպառնալիք է։

«Հիշեցնեմ, որ նախագահը բազմիցս հարցրել է` ո՞ւմ դեմ է այդ համակարգը։ Ժամանակին ասում էին, թե՝ Իրանի, սակայն հիմա Իրանի վերաբերյալ հանգամանքները փոխվել են, ուրեմն՝ հարցը մնում է հրատապ»,- ասել է Պեսկովը։

Այսօր Լեհաստանում` Ռեձիկովո գյուղի մոտ, որը հեռու չէ Կալինինգրադից, ամերիկացիները սկսելու են Aegis Ashore-ի հակաօդային պաշտպանության երկրորդ կենտրոնի կառուցումը։ Այն շահագործման կհանձնվի 2018 թվականին։

XS
SM
MD
LG