Մատչելիության հղումներ

Քաղաքի՝ մոտ 180 կմ ընդհանուր երկարությամբ փողոցների հիմնանորոգման համար, մինչդեռ, անհրաժեշտ է 100 մլն դոլար:

Գյումրիի փողոցների հիմնանորգման ու լուսավորության ապահովման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 14,6 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի: Վարկային պայմանագիրը կնքվեց երեկ Լոնդոնում՝ ՎԶԵԲ-ի ներկայացուցչի, Հայաստանի փոխվարչապետի և Գյումրիի քաղաքապետի մասնակցությամբ:

Սահմանադրական հանրաքվեի նախօրեին Գյումրիի քարուքանդ փողոցների հիմնանորգաման համար 23 մլն եվրոյի ներդրման մասին ասել էր երկրի ղեկավարը՝ Գյումրիի քաղաքապետի հետ զրույցի ժամանակ: Ու թեև Սերժ Սարգսյանն այն ժամանակ խոստացել էր ընդամենը մի քանի օրից սկսել գործընթացը, վարկային պայմանագիրը միայն 6 ամիս անց կնքվեց:

Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը Սերժ Սարգսյանի վերոհիշյալ խոստումը որակել էր ընտրակաշառք՝ «այո»-ի դիմաց: Գյումրիում, այդուհանդերձ, քվեարկողների 52 տոկոսը «ոչ» ասաց նոր Սահմանադրությանը: Սամվել Բալասանյանը, ով դեռևս Լոնդոնում է, այսօր հեռախոսով «Ազատության» հետ զրույցում հստակեցրեց, թե, ընդհանուր առմամբ, որքան գումար կներդրվի այս ծրագրի շրջանակներում: «Վարկային մասը կազմում է 14,6 մլն եվրո, մնացածը դրամաշնորհ է՝ ընդհանուրը 23.5 մլն է»:

Գյումրիում ճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 180 կմ է: Դրանք հիմնականում այնքան քայքայված են, որ արդեն փոսային նորոգումներով կարկատելու տեղ չկա: Տրանսպորտի և կապի նախարարության գնահատմամբ՝ Գյումրիի փողոցների հիմնանորոգման համար կպահանջվի մոտ 100 մլն դոլար: Տրամադրվող գումարով քանի՞ կմ ճանապարհ կհիմնանորոգվի ու կլուսավորվի, այս հարցին, քաղաքապետը պատասխանեց՝ «Այս ծրագրով մենք ընդամնեը կարող ենք տնտեսումների հաշվին մոտավորապես իրականացնել 22 - 23 կմ, բայց ասեմ, որ մագիստրալ փողոցների մասին է խոսքը, իրենց բոլոր ենթակառուցվածքներով՝ ջրահեռացմամբ, լուսավորությամբ, ընդհուպ՝ կանաչապատմամբ, մայթերով, այսինքն ամեն ինչով»:

Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ծրագրի իրականացման հարցում որոշակի վտանգներ է տեսնում, նկատի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհաշինությունը, այսպես ասած, ատկատների մեծ հնարավորություն է տալիս: «Շատ հնարավոր է, որ կառավարությունը որոշի, որ գումարը ինքն է տնօրինում, ստեղծում է ԾԻԳ, որը նստում է Երևանում, ուռճացված աշխատակազմով, շատ թանկարաժեք մեքենաներով և հարմարություններով ու շատ բարձր աշխատավարձերով: Եվ գումարի մի ահռելի մաս կծախսվի Երևանում նստած մի ուռճացված ԾԻԳ-ի վրա, ինչը ոչ մի դեպքում պիտի թույլ չտալ: Եվ քաղաքապետը պետք է կարողանա կառավարությանը ասել, բանակցել, պնդել, մենք էլ իրեն օգնենք, որպեսզի ԾԻԳ-ը ստեղծվի Գյումրու քաղաքապետարանը, այն պիտի լինի Գյումրիում: Մյուսն այն է, որ մրցույթները՝ նախագծման, շինարարության, վերահսկողության, դրանք, գտնում ենք, որ պիտի իրականացվեն փոքր լոտերով, ոչ թե ամբողջական, ինչպես եղավ «Գլենդել հիլզ»-ի ժամանակ»,- «Ազատությանն» ասաց Բարսեղյանը:

Վարկային այս համաձայնագիրը դեռ պետք է հաստատվի գործադիր և օրենսդի իշխանությունների կողմից: Դրանից հետո միայն կկայանան մրցույթները: «Ամեն ինչ անում ենք, որ մենք գոնե սեպտեմբերին սկսենք»,- ասաց քաղաքապետը:

Նա բանկին նաև նախագծային փոփոխություն կատարելու առաջարկ է ներկայացնելու, որը, ըստ Բալասանյանի, թույլ կտա գումարներ տնտեսել ու ավելի մեծ երկարությամբ ճանապարհներ հիմնանորոգել: «Անպայման փորձագիտական նոր խումբ գա, որ կարողանանք վերջնական պայամանավորվածություն ձեռք բերենք, ասենք՝ ասֆալտի հաստության հետ կապված: Իրենք նախատեսել են 22 սմ, բայց ես գիտեմ, որ եթե 15 սմ անենք, դա շատ երկար կաշխատի Գյումրի քաղաքում՝ դուրս գալով կլիմայական պայմաններից: Դրա հաշվին տնտեսում կլինի և ավելի շատ փողոցներ կասֆալտապատենք»,- ասաց քաղաքապետը:

Առաժմ տեղական բյուջի միջոցներով որոշ փողոցներ ասֆալտապատվում են, մի քանիսն էլ կհիմնանորոգվեն: Գումարներն առավելապես ծախսվում են փողոցները կարկատելու համար:

XS
SM
MD
LG