Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանն սպառնում է արգելափակել ԵՄ-ի հետ Թուրքիայի վիզային ռեժիմի ազատականացման հարցը


Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում

Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում

Բրյուսելը 72 պահանջ է ներկայացնում՝ ընդգծելով, որ դրանք չկատարելու դեպքում այս ողջ գործընթացը կա՛մ ընդհանրապես դադարեցվելու է, կա՛մ էլ սառեցվելու։

Եվրախորհրդարանը սպառնում է արգելափակել Եվրամիության հետ Թուրքիայի վիզային ռեժիմի ազատականացման հարցը, ինչն էլ իր հերթին վտանգում է փախստականների հարցով Բրյուսելի և Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցը ակտիվ քննարկումների փուլ մտավ փախստականների շուրջ համաձայնագրի շրջանակներում: Այս պայմանավորվածության համաձայն՝ Բրյուսելը հնարավորություն կստանա Թուրքիա վերադարձնել ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին: Դրա դիմաց Անկարան ֆինանսական օգնություն կստանա եվրապացիներից, իսկ Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն կստանան 90 օր ժամկետով ազատորեն մուտք գործել Շենգենյան գոտու տարածք:

Բրյուսելը միևնույն ժամանակ այլ նախապայմաններ էր առաջ քաշում՝ ընդգծելով, որ դրանք չկատարելու դեպքում այս ողջ գործընթացը կա՛մ ընդհանրապես դադարեցվելու է, կա՛մ էլ սառեցվելու։ Խոսքը մասնավորապես 72 պահանջների մասին է, որոնց մեծանասնությունը թեև կատարվել է Թուրքիայի կողմից, սակայն Բրյուսելի համար էական նշանակություն ունեցող դրույթը առայժմ կյանքի չի կոչվել։

Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրությունը վերջին ամիսներին արևմտյան ինչպես քաղաքական, այնպես էլ իրավապաշտպան կառույցների քննադատության թիրախում է, որոնք պնդում են, թե թուրքական իշխանություններն այդ օրենքը օգտագործում են փոքրամասնություններին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին և լրագրողներին հետապնդելու նպատակով։

Երեքշաբթի օրը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, թե թուրք սահմանապահները շարունակում են ուժ կիրառել և կրակ բացել սիրիացի փախստականների ուղղությամբ, ովքեր փորձում են հատել սահմանը։

Հակաահաբեկչական օրենքը փոխելու Բրյուսելից հնչող կոչերին ի պատասխան, մինչդեռ Անկարան հայտարարում է, թե չի պատրաստվում նույնիսկ քննարկել այդ հարցը։ «Եթե էրդողանը չփոխի այդ հարցում իր տեսակետը, ապա Եվրախորհրդարանը առանց վիզային ռեժիմի սահմանման որոշում չի կայացնի», - հայտարարել է Եվրախորհրդրանի քաղաքական ազատությունների և արդարադատության հարցերով հանձնաժողովի համակարգող Բիրգիթ Զիպպելը՝ ընդգծելով. - «Հակառակ դեպքում մենք ամբողջությամբ կկորցնենք վստահությունը մեր նկատմամբ»։

«Թուրքիայի հետ վիզայի ազատականացման հարցով խորհրդակցություններ չեն լինի, մինչև չլուծվի բոլոր 72 պահանջների հարցը», - Եվոպական ժողովրդական պահպանողական կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերի խոսքերն է մեջբերում գերմանական Der Spiegel պարբերականը։

XS
SM
MD
LG