Մատչելիության հղումներ

Հայաստանն ունի նախապայմաններ, բայց գործընթացը «չի վիժեցնում»


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան, արխիվ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան, արխիվ

Լայնածավալ ագրեսիան, որը կվիժեցնի բանակցային գործընթացը, Հայաստանին այլընտրանք չի թողնի, քան Ղարաբաղի ճանաչումը, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «դե ֆակտո» ճանաչված է և դրա վառ վկայությունն է իշխանությունների միջև եղած պարբերական շփումները, լայն իրավական դաշտը, պայմանագրային դաշտը, պատրաստվող պայմանագիրը՝ համատեղ ռազմաքաղաքական բնույթի համապատասխան նախագիծը», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող Հանարպետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով Ղարաբաղի «դե յուրե» ճանաչման խնդրին՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այն կարող է տեղի ունենալ երկու սցենարով։ «Եթե խոսում ենք «դե յուրե» ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «դե յուրե» ճանաչումը, պատմական առումով, այլընտրանք չունի, այն կարող է տեղի ունենալ երկու սցենարով՝ սցենար համար մեկ, այսպես կոչված, խաղաղ բանակցային սցենար, և ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման շրջանակներում Ղարաբաղը ճանաչվի որպես միջազգային իրավունքի սուբյեկ ոչ միայն Հայաստանի կողմից, այլ առհասարակ դառնա խաղաղ կարգավորման շրջանակներում ճանաչված հերթական ինքնորոշված պետություն։ Երկրորդ սցենարը՝ ֆորսմաժորային սցենարը, կգործարկվի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք իրականում լայնածավալ ագրեսիա, որը կվիժեցնի ամբողջությամբ բանակցային գործընթացը և Հայաստանին այլընտրանք չի թողնի, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Հիշեցնենք, ապրիլի 29-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարեց, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։

Աշոտյանն ընդգծեց, որ Հայաստանն առաջադրել է նախապայմաններ, առաջարկել է համապատասխան միջավայր ստեղծելու կարևորություն։ «Սակայն դա չի նշանակում, որ բանակցային գործընթացը վիժեցվել է։ Երբ որ խոսում ենք ագրեսիայի մասին, իհարկե, խնդիրը չափելի կորուստների, կամ հարձակման ծավալի մեջ չէ, խնդիրը, նախևառաջ, քաղաքական հարթության մեջ է դրված։ Իհարկե, մեր հարյուր զոհերի արյամբ մենք կարողացանք պաշտպանել այն ինչ-որ ունեն երկու հայկական պետականությունները», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։

«Ազատության» հարցին, թե հույսե՞ր կան, որ բանակցությունների միջոցով ի վերջո կարելի է ինչ-որ լուծման հասնել, Աշոտյանը պատասխանեց. - «Համապատասխան պայմաններ դնելով բանակցային գործընթացի շարունակության հետ կապված, բնականաբար, այդ մանդատը, որ վերապահված է Մինսկի խմբին՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման մանդատը, հարգում ենք, բայց ակնկալում ենք նաև համապատասխան գործողություններ, նպատակային և հասցեական հայտարարություններ, վստահության մթնոլորտի ստեղծում, համապատասխան միջադեպերի, կամ ռազմական գործողությունների հետաքննության մեխանիզմներ, և բնականաբար անվտանգության երաշխիքներ»։

XS
SM
MD
LG