Մատչելիության հղումներ

Ղարաբաղի դրոշի շուրջ սկանդալ Եվրատեսիլ-2016-ի կիսաեզրափակիչ փուլում


Մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ էր տարել Եվրատեսիլի կողմից պաշտոնապես արգելված Լեռնային Ղարաբաղի դրոշը և տեսախցիկների առաջ ծածանել այն:

Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված հայաստանյան մասնակցի այս անսպասելի քայլի շուրջ քննարկումները տեղափոխվեցին մրցույթին հաջորդած ասուլիս, որի ընթացքում շվեդ լրագրողներից մեկը խնդրեց երգչուհուն մեկնաբանել իր քայլը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի դրոշը համարվում է Եվրոպայի ամենաքաղաքականացված դրոշներից մեկը:

Իվետա Մուկուչյանը ի պատասխան հայտարարարել է․ - «Անկեղծ ասած, ակնկալում էի այս հարցը: Չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը: Այն իմ սիրտն է, իմ հոգին, իմ զգացմունքները: Պարզապես ցանկանում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի»:

Մուկուչյանը շեշտել է, որ լինելով հայուհի, բայց ապրելով Գերմանիայում, միևնույն ժամանակ աշխարհի մարդ է համարում իրեն և ուզում է, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը:

Թեև եվրոպական այս խոշորագույն մրցույթն ի սկզբանե պայման էր դրել բացառել քաղաքական ենթատեքստ ունեցող երգերը, առհասարակ մրցույթը քաղաքականացնելը, այդուհանդերձ, այսօր ոչ այնքան հայաստանցի երգչուհու բեմական ելույթն է քննարկվում, որքան բեմի հետնամասում տեղի ունեցած քաղաքական ակցիան, որին մինչև անգամ անդրադարձել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը:

Ադրբեջանը, ինչպես հայտարարել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, իր դժգոհությունը կհայտնի Եվրատեսիլ-2016-ի կազմակերպչական կոմիտեին՝ մրցույթի ուղիղ եթերում Լեռնային Ղարաբաղի դրոշը ծածանելու կապակցությամբ:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, Հայաստանն այդ քայլով սադրել է, ինչը «անթույլատրելի է և պետք է համարժեք պատասխան ստանա»:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ գնահատական կստանա Եվրատեսիլի կողմից Հայաստանի պատվիրակի այս քայլը, ինչպես կպատասխանի մրցույթից Իվետա Մուկուչյանին հեռացնելու Ադրբեջանի կոչերին:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվական վարչության ղեկավար Տիգրան Մկրտչյանը, արձագանքելով աղմուկ բարձրացրած այս միջադեպին, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է․ - «Բոլոր նրանք, ովքեր կոչ են անում հեռացնել Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ» երգի մրցույթից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի համար, կամ վախենում են նրա հաղթանակից, կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին սատարողներն են»:

Հիշեցնենք՝ սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը Եվրատեսիլի շրջանակներում հայտնվում է քաղաքական սկանդալի կենտրոնում․ 2012 թվականին, երբ կազմակերպիչները որպես միջոցառումը հյուրընկալող քաղաք ընտրեցին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, Հայաստանը չմասնակցեց մրցույթին՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Մինչ այդ էլ էր Հայաստանը աչքի ընկել քաղաքական սկանդալով՝ կրկին ղարաբաղյան հակամարտության պատճառով, կրկին Ադրբեջանի հետ։ Հայաստանի մասնակիցների այցեքարտերին պատկերված էր «Մենք ենք, մեր սարերը» արձանը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պահանջեց ջնջել այդ կադրերը։ Պահանջը կատարվեց, սակայն քվեարկության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն ձեռքին բռնել էր նույն արձանի լուսանկարը։

XS
SM
MD
LG